ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին օգոստոսի 10-ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները:
«Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից ԼՂ ժողովուրդը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, խոչընդոտվում է ԼՂ մուտք ունեցող միջազգային մարդասիրական կազմակերպության՝ ԿԽՄԿ հումանիտար գործունեությունը, ինչի մասին ԿԽՄԿ-ն հայտարարեց հուլիսի 25-ին: Երկուստեք ընդգծվել է տեղում մարդկանց համար հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրատապությունը և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համատեղ քայլերի անհրաժեշտությունը: Նախարարը, կարևորելով մինչս օրս միջազգային գործընկերների կողմից արված՝ Ադրբեջանին ուղղված թիրախային հայտարարությունները՝ ընդգծել է այդ ուղղությամբ հետևողականության և ջանքերի համադրման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Ադրբեջանական կողմը հայտնում է, որ Բայրամովի և Օսմանիի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը և տարածաշրջանում առկա իրավիճակը:
Բայրամովը պնդել է, թե «Լաչինի անցակետի դեմ Հայաստանի սադրանքները խոչընդոտում են տարածաշրջանում կայունության հաստատմանը և հայ բնակիչներին վերաինտեգրելու ջանքերին»։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նաև կարծում է, որ Հայաստանը չպետք է հայտարարի «տարածաշրջանում լարված հումանիտար իրավիճակի», «շրջափակման» մասին և «խոչընդոտներ ստեղծի ադրբեջանական կողմի առաջարկած Աղդամ-Ստեփանակերտ» ճանապարհի շահագործման համար»։
Նախօրեին՝ օգոստոսի 9-ին, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ զրուցել էր ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։
***
2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։
Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։
Հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ հումանիտար օգնություն է ուղարկում Արցախ։ Նախապես հայտարարվել էր, որ հայկական կողմը բեռը կհասցնի Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահներն այն կտեղափոխեն Արցախ։ Օգնությունը տեղափոխող բեռնատար մեքենաները դեռ կանգնած են հայկական անցակետի մոտ։