Snoop Dogg-ի համերգի համար կառավարությունը կհատկացնի մոտ 6 մլն դոլար

Snoop Dogg-ի համերգի կազմակերպման համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի 2,3 մլրդ դրամ (մոտ 6 մլն դոլար): Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 11-ի նիստի օրակարգում։

Հատկացվող 2,319 մլրդ դրամը կուղղվի Snoop Dogg-ի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:

Նշվում է, որ արտիստի ընտրությունը պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ նա ժամանակակից երաժշտության աշխարհում մեծ պահանջարկ է վայելում, այլև, որ նա ներկայացնելու է յուրահատուկ շոու ծրագիր:

«Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրակա­նացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը, բիզնես միջավայրի ձևավորման նոր հնարա­վորու­թյուններ ստեղծել»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։

Կառավարությունն ակնկալում է, որ ծրագրին կմասնակցի 20 000 – 25 000 մարդ, այդ թվում՝ 5 000 – 6 000 զբոսաշրջիկ: Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տեղեկատվության՝ մեկ զբոսաշրջիկը միջինը Հայաստանում ծախսում է 800-1000 դոլարին համարժեք դրամ գումար:

«Ծրագրի շահառուներն են Հայաստանի երաժշտասեր և ժամանցասեր հանրությունը, Հայաստանում գտնվող և, միջոցառմանը մասնակցելու նպատակով, Հայաստան ժամանած զբոսաշր­ջիկները: ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ տոմ­սերը կվաճառվեն բավականին մատչելի գներով, ինչը թույլ կտա ներգրավել հասա­րակության ավելի լայն շերտեր։ Շահառուների թվում կընդգրկվեն նաև սոցիալապես խոցելի խմբերը»,- նշված է հիմնավորման մեջ։

Snoop Dogg-ի համերգը կկայանա սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում։ Ծրագրի իրականացումն ապահովելու է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը։

Հայաստանում Snoop Dogg-ի համերգի լուրից հետո սոցիալական ցանցերում սկսեցին լուրեր շրջանառվել, որ Կառավարությունը 23 միլիոն դոլար է հատկացնելու այդ համերգի կազմակերպման համար։ Նույն օրը կառավարությունը հերքել էր այդ տեղեկությունը։

Մեկնաբանել