Բարգավաճ Հայաստան կուսակցությունը (ԲՀԿ) չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին։ Այդ մասին հայտարարել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Կուսակցության անդամների, տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ բաց և բարդ քննարկումների արդյունքում ի վերջո նման որոշում է կայացվել։ Չեմ թաքցնում, եղել են տարբեր տեսակետներ, հնչել են տարբեր փաստարկներ և հակափաստարկներ։ Վերջնական որոշումը կայացվել է հիմնական երկու գործոնների ազդեցության տակ։ Առաջինը՝ կուսակցությունն այս պահին գտնվում է վերափոխումների ինտենսիվ փուլում, կառուցվածքային և բովանդակային ռեֆորմացիայի ճանապարհին, երկրորդ՝ այս պահին, Արցախի շուրջ տիրող իրավիճակով պայմանավորված, մեր հասարակության մեջ առկա չէ Երևանի զարգացման և քաղաքային խնդիրների շուրջ իրական բանավիճային և քննարկումային մթնոլորտ»,- ասված է հայտարարությունում։
***
Երևանի ավագանու հերթական ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 17-ին: Ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են Տիգրան Ավինյանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն), Մանե Թանդիլյանը («Ապրելու երկիրի» կուսակցություն), Հայկ Մարությանը («Ազգային առաջընթաց» կուսակցություն), Դավիթ Խաժակյանը («Լուսավոր Հայաստան» կուսակցություն), Արտակ Զեյնալյան («Հանրապետություն» կուսակցություն): Քաղաքապետի պաշտոնին հավակնում են նաև «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը։