Զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են նրա երկու ծառայակիցները, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
«Օգոստոսի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:50-ի սահմաններում, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն զորամասի ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանը, լինելով ազատ հերթափոխում, գետնատնակի մոտ այլ զինծառայողին ամրակցված ինքնաձիգով կատարել է ինքնասպանության փորձ։ Զինծառայողը տեղափոխվել է Արարատի ԲԿ, այնտեղից՝ Երևան՝ զինհոսպիտալ: Ավելի ուշ՝ օգոստոսի 11-ի վաղ առավոտյան, հոսպիտալից հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած զինծառայող Ժորա Կարապետյանը մահացել է»,- ասված է հաղորդագրությունում։
Կոմիտեից նշում են, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Ժորա Կարապետյանի համածառայակից, ժամկետային երկու զինծառայող՝ ինքնասպանության հասցնելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։
«Ըստ քննության ներկա փուլում ձեռք բերված նախնական տվյալների՝ զինծառայողն ինքնասպանությունը գործել է իր նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերություններին բնորոշ վարքագծի դրսևորման արդյունքում։ Նախաքննությունը շարունակվում է»,- հաղորդում է ՔԿ-ն։
Ավելի վաղ զինծառայող Ժորա Կարապետյանի մահվան մասին հայտնել էր պաշտպանության նախարարությունը։