Պաշտպանության նախարարությունը երկրորդ օրն անընդմեջ հաղորդում է զինծառայողի մահվան մասին։
«Օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ օգոստոսի 10-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ժորա Կարապետյանը։
Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են նրա երկու ծառայակիցները․ «Ըստ քննության ներկա փուլում ձեռք բերված նախնական տվյալների՝ զինծառայողն ինքնասպանությունը գործել է իր նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերություններին բնորոշ վարքագծի դրսևորման արդյունքում։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված էր ՔԿ հաղորդագրությունում։