«Նարեկացի»-ում կբացվի «Վերջին ֆուտուրիստի» ցուցահանդեսը

Սեպտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին, Նարեկացի արվեստի միության ցուցասրահում կբացվի ուշխորհրդային ավանգարդի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Վահրիճ (Վագրիչ) Բախչանյանի առաջին անհատական ցուցահանդեսը:

«Խորհրդային ավանգարդի հայրապետ», «վերջին ֆուտուրիստ», «պեղածո գազան». այսպես են արվեստի քննադատները բնորոշում Վահրիճ Բախչանյանին ու նրա ստեղծագործությունը, որը բաժանվում է երկու՝ մոսկովյան (1967-74 թթ.) և նյույորքյան (1974-2009 թթ.) շրջանների: Նրա կյանքն ու ստեղծագործությունը բազմիցս քննության է առնվել խորհրդային դիսիդենտական շարժման ու դիսկուրսի շրջանակում, քանզի նա՝ Բրոդսկու և Դովլաթովի սերնդակիցը, մեկն էր այն «հայրենիքի դավաճաններից», որոնք 1974-ին լքեցին Խորհրդային Միությունն ու տեղափոխվեցին ԱՄՆ:

Բախչանյանին է պատկանում աֆորիզմի վերածված` «Մենք ծնվել ենք, որպեսզի Կաֆկան եղելություն դարձնենք» թևավոր խոսքը:

Վահրիճ Բախչանյանի կենսագրությունն ավելի քան տպավորիչ է, նրա ունեցած ցուցահանդեսների ցանկում կարելի է հանդիպել ՄօՄԱ-ի,« Պոմպիդու» կենտրոնի, Տրետյակովյան պատկերասրահի և բազում այլ հեղինակավոր կենտրոնների անուններ, նրա գործերը զետեղված են այնպիսի մշտական հավաքածուներում, ինչպիսիք են, օրինակ, Յակոբ և Քենդա Բար-Գերայի հավաքածուն Քյոլնում, Ժամանակակից արվեստի կենտրոնը Մոսկվայում, Տրետյակովյան պետական պատկերասրահը, Պետական ռուսական թանգարանը Սանկտ Պետերբուրգում, Փոլ Գեթիի անվան արվեստի թանգարանը Լոս Անջելեսում, Ցիմերլիի անվան արվեստի թանգարանը Նյու Ջերսիում, Իգոր Մարկինի հավաքածուն և այլն:

Բոլոր այս անունների հետևում թաքնված է իրական մարդու իրական ուղի, որը միշտ չէ, որ հարթ է եղել: Բախչանյանը միշտ էլ հայտնի է եղել, բայց միայն կյանքից հեռանալուց հետո է, որ ռուսները սկսեցին խոսել նրա աշխատանքի մնայուն արժեքի մասին:

Նարեկացի արվեստի միությունը կներկայացնի նկարչի ժառանգության մի փոքր մասը` կոլատպումները: Դրանք առանց սոսնձելու ստեղծված կոլաժ-փոխադրումներ են, որոնց տեխնիկայի մտահղացման հեղինակը հենց Վահրիճն է: Ցուցահանդեսը ոչ այնքան ռետրոսպեկտիվային է, որքան՝ ճանաչողական:

Ցուցահանդեսի կապակցությամբ Նյու Յորքից Երևան են ժամանել նկարչի այրին՝ Այրին Բախչանյանը և կինոռեժիսոր Անդրեյ Զագդանսկին, որն այժմ աշխատում է Բախչանյանի կյանքին և ստեղծագործությանը նվիրված կենսավավերագրական կինոնկարի վրա: Նարեկացի արվեստի միությունը նաև հրատարակել է Բախչանյանի նյույորքյան շրջանի աշխատանքների ալբոմ, որի շնորհանդեսը տեղի կունենա ցուցահանդեսի բացման օրը: Միջոցառման հատուկ հրավիրյալ բանախոսն է արվեստի քննադատ, համադրող Նազարեթ Կարոյանը, իսկ համադրողը՝ Սևան Նագգաշեանը: Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 7-ը:

Մեկնաբանել