Բնապահպանների պահանջները սխալ հասցեով են

Թեղուտի իրական ապականողները ոչ թե ՎՏԲ-ն է և ոչ էլ անգամ ACP-ն, այլ պետական այրերը, որոնք ուրացել են պետությանն ու ժողովրդին ծառայելու սեփական պարտքը՝ վավերացնելով Թեղուտի հանքի շահագործման ապօրինի թույլտվությունը:

Օրեր առաջ մի քանի տասնյակ բնապահպաններ բողոքի ցույց էին անում ՎՏԲ-Հայաստան բանկի առջև։ Այս առճակատումը սկսվել է դեռ 2010 թ., երբ բանկի ղեկավարությունը հայտարարեց ACP (Armenian Copper Programme) ընկերության՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը շահագործելու ծրագիրը ֆինանսավորելու պատրաստակամության մասին։ Ըստ որոշ բնապահպանների, հանքի շահագործումն աղետալի հետևանքներ է ունենալու Թեղուտի էկոհամակարգի ու տեղի բնակչության առողջության համար։ «ՎՏԲ Բանկ Հայաստանը»՝ որպես այս նախագծի մի մաս, ընկավ բնապահպանների սև ցուցակը՝ որակվելով ապօրինության աջակից։

Ցուցարարների պահանջները բանկին ներծծված են մեղադրանքներով և դատապարտմամբ։ «Կեղտոտ» (filthy), «բնախեղդ», «անտառի սպանդի հովանավոր»… բնապահպանները այսպիսի մակդիրներով էին բնութագրում ՎՏԲ-ին իրենց բողոքի ակցիայում։ Առերևույթ ամեն ինչ արդարացի է և տրամաբանական։ Բանկը հովանավորում է մի նախագիծ, որը վնասում է հայրենի բնությանը և երկարաժամկետ հեռանկարում վնասելու է նաև Հայաստանի շահերին։ Սակայն, ինչպես հաճախ է պատահում, խնդիրն ունի մի քանի կողմ:

Նախ, «ՎՏԲ Բանկ Հայաստանը» չի խախտում որևէ օրենք։ Նրա բոլոր գործողություններն իրավաչափ են և կարծես թե համահունչ երկրի օրենսդրությանը, որը ՀՀ-ում ճիշտ և սխալ տարբերակելու միակ օբյեկտիվ չափորոշիչն է։ Իհարկե, բնապահպանները պնդում են, որ պետական ատյանների գնահատականները սխալ են, և նախագիծը հակաօրինական է, սակայն դա ընդամենը մի խումբ անհատների կարծիք է, որի հետ բանկի ղեկավարությունը կարող է և ընդհանրապես հաշվի չնստել (ինչն էլ նրանք հետևողականորեն անում են)։

Երկրորդ, ՎՏԲ-ն պարտավոր է հոգալ Թեղուտի մասին ճիշտ այնքան, որքան մենք ենք հոգում, ասենք՝ Սիբիրի անտառների մասին։ Պետք չէ մոռանալ, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկը» ամբողջությամբ ռուսական կապիտալով գործառող ֆինանսական կառույց է, որը, մեղմ ասած, չունի Հայաստանի բնապահպանական խնդիրներով, դրա ապագայով և տեղի բնակչության առողջությամբ մտահոգված լինելու որևէ բարոյական պարտավորություն։ Եթե հայ գործարարների և պետպաշտոնյաների մեծ մասն է հարստանում սեփական ժողովրդի կեղեքման հաշվին, ապա ունե՞նք մենք արդյոք իրավունք կորպորատիվ պատասխանատվության քաղաքականություն պահանջել օտարերկրացի ներդրողներից։

Եվ, վերջապես, ո՞վ է ամրագրել, որ բիզնեսը պետք է սոցիալական պատասխանատվություն կրի հասարակության առջև։ 20-րդ դարի մեծ տնտեսագետ Միլտոն Ֆրիդմանը պնդում էր, որ բիզնեսի միակ կորպորատիվ պարտավորությունը սեփականատերերի ունեցվածքի արժեքի բազմապատկումն է։ Հասարակության առջև պատասխանատվություն են կրում նրա կամաարտահայտմամբ ձևավորվող և նրա կողմից ֆինանսավորվող պետական ինստիտուտները՝ ի դեմս շարքային քաղծառայողների և երկրի նախագահի, իսկ բիզնեսը, քանի դեռ գործառում է օրենքի շրջանակում, հաշվետու է միմիայն իր սեփականատերերին:

Այնուամենայնիվ, բնապահպանների պահանջներն ու մեղադրանքներն արդարացի են ու հիմնավոր. դրանք ուղղակի սխալ հասցեատերեր ունեն: Թեղուտի իրական ապականողները ոչ թե ՎՏԲ-ն է և ոչ էլ անգամ ACP-ն, այլ պետական այրերը, որոնք ուրացել են պետությանն ու ժողովրդին ծառայելու սեփական պարտքը՝ վավերացնելով Թեղուտի հանքի շահագործման ապօրինի թույլտվությունը: Այդ դեպքում ինչո՞ւ չուղղել բողոքի սայրը հենց նրանց դեմ…

Մեկնաբանել