Տիգրան Ավինյանը «Գազելը» վարել է առանց համապատասխան վարորդական վկայականի

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն օրենքի խախտմամբ է վարել «Երևանի վերջին Գազել»-ը, որի շուրջ գովազդային հոլովակ էր պատրաստել Երևանի քաղաքապետարանը։ Ավինյանը հանրային տրանսպորտ վարելու համար պետք է ունենար D կարգի վարորդական վկայական, սակայն այդ վկայականը նա չունի։

ՍիվիլՆեթը ոստիկանության համապատասխան բազայից ձեռք է բերել Տիգրան Ավինյանի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքների մասին տեղեկություններ։ Այդ տվյալների համաձայն՝ նա ունի B կարգի վարորդական վկայական, որը ստացել է 2017-ին։

B կարգը տրամադրվում է մինչև 3 500 կիլոգրամ առավելագույն զանգվածով ու մինչև 8 նստատեղով մեքենաներ վարելու համար, Ավինյանը վարում էր «Գազել», որը վարելու համար անհրաժեշտ էր D կարգի վկայական։ Սա վարչական իրավախախտում է և առաջացնում է տուգանք՝ 20 000 դրամի չափով։

Առաջին անգամը չէ, երբ Ավինյանը չունենալով համապատասխան փաստաթուղթ, վարում է հանրային տրանսպորտ։ 2022-ի դեկտեմբերին նա հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ վարում էր Հայաստան մտնող գերմանական MAN ավտոբուսը։

Օգոստոսի 14-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Ավինյանը անդրադառնալով՝ ինչպես ինքն է բնորոշում՝ «Երևանի «վերջին Գազելին», ասաց, թե անցած շաբաթավերջին «Գազելը» կատարեց իր վերջին ուղևորությունը։ Նա բոլորին շնորհավորեց այդ «պատմական իրադարձության առթիվ»։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել