«Գազպրոմը» գազ կմատակարարի թուրքական մասնավոր ընկերություններին

Թուրքական Akfel, Bosphorus, Bati Hatti և Kibar ընկերությունները ռուսական գազային հսկայի՝ «Գազպրոմի» հետ գազի ներկրման շուրջ վերջնական պայմանավորվածություն են ձեռք բերել, հաստատել է Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորող մարմնի ղեկավար Հասան Կոկտաշին:

Պայմանավորվածության համաձայն՝ Akfel-ը Ռուսաստանից կներկրի տարեկան 2,25 մլրդ խմ գազ, Bosphorus-ը՝ 1,75 խմ գազ, Bati Hatti-ն ու Kibar Enerji-ն՝ յուրքանչյուրը 1 մլրդ խմ: Կոկտաշի խոսքով՝ մասնավոր սեկտորին բաժին կընկնի Թուրքիա ներկրվող գազի 51 մլրդ խմ ծավալի 20%-ը:

Ըստ թուրքական օրենսդրության՝ մասնավոր ընկերությունները պարտավոր են ներկրվող ծավալների 10%-ը պահել Թուրքիայի պետական գազապահեստարաններում, մասնավորապես՝ Սիլիվրիում։

Թուրքիայի պետական գազամուղային ընկերության՝ Botas-ի տվյալների համաձայն՝ 2011թ. Թուրքիա ներկրվել է 39,7 մլրդ խմ գազ։ Մատակարարված ծավալներում առաջինը Ռուսաստանն է, որին հաջորդում են Իրանը և Ադրբեջանը։

Անցած ամիս տեղեկություններ էին տարածվել, թե «Գազպրոմը» եվրոպական շուկայում իր մասնաբաժինը պահպանելու նպատակով գազի մատակարարման պայմանագրեր է ստորագրել թուրքական մասնավոր ընկերությունների հետ։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ ռուսական գազային հսկան 2013-2030 թթ. տարեկան 6 մլրդ խմ գազի մատակարարման 4 պայմանագիր է ստորագրել։

Թուրքիա մատակարարվող գազի ծավալների ավելացման մասին 2011թ. հայտարարել էր նաև Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Վերջինս նշել էր, թե կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մատակարարվող գազի ծավալները 2012թ. առնվազն 2 մլրդ խմ-ով ավելացնելու մասին։

Մեկնաբանել