Առաջիկա օրերին Արցախում արձանագրվելու է հացի որոշակի սղություն

Առաջիկա օրերին Արցախում արձանագրվելու է հացի որոշակի սղություն, հայտնում է Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։

«Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն: Պատկան մարմինները անում են հնարավորը խնդիրն արագորեն շտկելու ուղղությամբ, և մի քանի օրվա մեջ ալյուրի անհրաժեշտ ծավալի մատակարարումը կվերականգնվի։ Խնդրում ենք հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները և օգտագործել հացեղեն»,- ասված է հաղորդագրությունում։

2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։

Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։

Հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ հումանիտար օգնություն է ուղարկում Արցախ։ Նախապես հայտարարվել էր, որ հայկական կողմը բեռը կհասցնի Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահներն այն կտեղափոխեն Արցախ։ Օգնությունը տեղափոխող բեռնատար մեքենաները դեռ կանգնած են հայկական անցակետի մոտ։

Մեկնաբանել