Գոմեշի մսի ներկրման հետ ես որևէ կապ չունեմ. Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանն կառավարության այսօրվա նիստին հայտարարել է, որ ինքը որևէ կապ չունի Հայաստան ներկրվող գոմեշի մսի հետ, հաղորդում են կառավարության լրատվական ծառայությունից:

«Վերջին շրջանում քաղաքական սպեկուլյացիաներ կան գոմեշի մսի ներմուծման թեմայի շուրջ: Դրա դեմ պայքարելու լավագույն ձևն ամբողջական տեղեկատվությունը հանրությանը ներկայացնելն է»,- ասել է վարչապետը:

Գործադիրի ղեկավարի հանձնարարարականով գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը պարզաբանել է, որ 2011թ. Հնդկաստանին Հայաստան է ներմուծվել 10324.93 տ գոմեշի մսի բրիկետ 6 ընկերությունների կողմից`«Մուշ» ՍՊԸ, «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ, «Արմեն Համիկ եղբայրներ» ՍՊԸ, «Մոկոնատ» ՍՊԸ, «Պարգև» ՍՊԸ, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ:

2012թ. 9 ամսվա կտրվածքով ներմուծվել է 5284.651 տ գոմեշի մսի բրիկետ 5 կազմակերպության կողմից`«Ունիվերսամ Ավան» ՍՊԸ, «Սամ Սեր գրուպ» ՍՊԸ, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ, «Արմեն Համիկ եղբայրներ» ՍՊԸ, «Պարգև» ՍՊԸ:

«Գոմեշի միս ներմուծում են այն կազմակերպությունները, որոնք ունեն մսի արտադրության ոլորտում 10 տարվա աշխատանքային փորձ, ընդհանուր մեկ արտադրական տարածքում տեղակայված միջազգային ստանդարտներին համապատասխան սեփական սպանդանոց, մսի վերամշակման արտադրամաս և սառցարան, միջազգային արտոնագրող մարմինների կողմից տրված՝ վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (HACCP) համակարգի և ստանդարտների միջազգային կազմակերպության նվազագույնը ISO 9001:2000 ստանդարտի արտոնագրեր»,– նշել է Բախչագուլյանը` հավելելով, որ Հայաստան արտահանվող գոմեշի մսի յուրաքանչյուր խմբաքանակի պատրաստման նկատմամբ հսկողություն է իրականացնում Հնդկաստանում մշտապես գտնվող ՀՀ սննդամթերքի անվտանգության գծով ներկայացուցիչը:

Վարչապետը հանձնարարել է այս խնդիրը պահել ուշադրության կենտրոնում: «Ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել ինձ` կապելով Հնդկաստանից միս ներմուծող այս ընկերություններն իմ անվան հետ։ Ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ թվարկված այս 5 ընկերությունների հետ որևիցե առնչություն ես բացարձակապես չունեմ` ո՛չ ընկերներ, ո՛չ բարեկամներ, թաքնված անձինք այս ընկերությունների հետևում, ինձ հետ կապված չկան»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, իր հերթին, զեկուցել է, որ  վերոնշյալ ընկերություններում ուսումնասիրությունները շարունակվում են, և նրանց հարկային պարտավորությունների հետ կապված առանձին տեղեկանք կներկայացվի: