Ադամ Շիֆը Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով նամակ է ուղղել Ջո Բայդենին

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով նամակ է ուղղել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին։

«Արցախյան ճգնաժամը պահանջում է ԱՄՆ կողմից անհապաղ գործողություններ։ Այսօր ես նախագահ Ջո Բայդենին հորդորեցի շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ դադարեցնելու ադրբեջանական շրջափակումը և գործածելու բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Արցախի ժողովրդին և կանխելու հերթական ցեղասպանությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Շիֆը՝ կից հրապարակելով նաև Բայդենին ուղղված նամակը։

ԱՄՆ Գլենդել քաղաքում հարյուրավոր ամերիկահայ ցուցարարներ օգոստոսի 9-ի գիշերը փակել են մայրուղիներից մեկը՝ ուշադրություն հրավիրելու Արցախում տիրող ճգնաժամի վրա։ Վերջին օրերին ցուցարարները մի քանի անգամ հավաքվել են ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆի գլենդելյան գրասենյակի մոտ՝ նրան կոչ անելով առավելագույն ջանքեր գործադրել Արցախին աջակցելու համար։

***

2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։

Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։

Հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ հումանիտար օգնություն է ուղարկում Արցախ։ Նախապես հայտարարվել էր, որ հայկական կողմը բեռը կհասցնի Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահներն այն կտեղափոխեն Արցախ։ Օգնությունը տեղափոխող բեռնատար մեքենաները դեռ կանգնած են հայկական անցակետի մոտ։

Մեկնաբանել