Քութայիսի օդանավակայանը բացել են Սաակաշվիլին և Օրբանը

Այսօր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բացել է Քութայիսի նոր՝ Դավիթ Ագմաշենեբելիի անվան միջազգային օդանավակայանը, հաղորդում է «Բիզնես Գրուզիան»:

Օդանավակայանի շինարարությունը, մասնավորապես՝ տանիքի հատվածը, իրականացրել են հունգարացի մասնագետները: «Սա ամենաբարդ կառույցներից է, և հունգարացի շինարարներն այն պատվով են կատարել», -ասել է Սաակաշվիլին: 

Վրաստանի նախագահը նշել է նաև, որ նոր օդանավակայանը կրում է վրացի հայտնի թագավոր Դավիթ Շինարարի անունը, որը ոչ միայն պայքարել է թշնամու դեմ, այլև կառուցել:

Քութայիսի օդավակայանը, ըստ Սաակաշվիլիի, կսպասարկի ամբողջ արևմտյան Վրաստանը և կլինի ամենաէժան օդնավակայաններից մեկը: Նրա խոսքով՝ բանակցություններ են ընթանում օդանավակայանի՝ Ասիայի և Եվրոպայի միջև փոխադրումներում կամուրջ դառնալու հարցի շուրջ:

«Թբիլիսիից Կիև թռիչքների գինը $600 է, իսկ այստեղից՝ $100: Սա է տարբերությունը և վկայությունն այն բանի, որ մենաշնորհներ չկան», -ասել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ Քութայիսից թռիչքներ կիրականացվեն նաև դեպի Մինսկ, Թել Ավիվ և աշխարհի այլ քաղաքներ:

Օդանավակայնն այսօր արդեն սպասարկել է առաջին թռիչքը՝ Կիև-Քութայիսի, որն իրականացրել է Wizz Air ընկերությունը: Այս չվերթով Վրաստան է ժամանել Ուկրաինայում գտնվող Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիան:
Բացի Wizz Air-ից՝ առաջին թռիչքները կիրականացնեն նաև բելառուսական «Բելավիան» և ռուսական «Սիբիրը»:

Օդանավակայանի սպասարկումն իրականացնելու է ֆրանսիական «Վինշի» ընկերությունը: