75 մլն դրամ` վթարային պայմաններում ապրող 19 ընտանիքի համար

Կառավարության այսօրվա նիստում, որ վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, գործադիրն ընդունել է «ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում սոցիալական բնակարանային ֆոնդ ձևավորելու մասին» որոշում, որի համաձայն քաղաքի նախկին տեխնիկումի հանրակացարանի շենքում, վթարային պայմաններում բնակվող 19 ընտանիքների համար բնակարան գնելու նպատակով հատկացվել է 75 մլն դրամ։

Կառավարության մեկ այլ որոշմամբ բարելավվել են Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղի 4-րդ կարգի վթարային անհատական տների 7 ընտանիքների բնակարանային պայմանները։ 

Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից երկուսում կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնց համաձայն կհեշտացվի նպաստի իրավունքի իրացումը` անկախ մինչև երկու տարեկան երեխայի` իր բնակության վայրում գտնվելու հանգամանքից։

Գործադիրը փոփոխություններ է կատարել 2012թ. պետբյուջեի և իր նախկին որոշումներից մեկի ցուցանիշներում` ուժեղացնելով ապաստան հայցողների և փախստականների սոցիալական պաշտպանվածությունը:

Կառավարությունը նաև համաձայնություն է տվել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների բարելավման, ինչպես նաև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրերի 3-րդ փոփոխությունների ստորագրման առաջարկությանը։