Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին՝ Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին։ Երևանի ժամանակով նիստը կմեկնարկի ժամը 23:00-ին։ Այդ մասին տեղեկանում ենք Կազմակերպության կայքից։

Անվտանգության խորհրդի նիստին ներկա է լինելու Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
***
2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։
Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։
Հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ հումանիտար օգնություն է ուղարկում Արցախ։ Նախապես հայտարարվել էր, որ հայկական կողմը բեռը կհասցնի Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահներն այն կտեղափոխեն Արցախ։ Օգնությունը տեղափոխող բեռնատար մեքենաները դեռ կանգնած են հայկական անցակետի մոտ։
Օգոստոսի 11-ին Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով:
Ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակն ու շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի ԱԽ նախագահին ուղղված նամակում նշել է, որ ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջամտությունը՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման առաջնային մարմնի։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից սպասումների, հայկական կողմի ակնկալիքների նվազագույնի և առավելագույնի մասին ՍիվիլՆեթը զրուցել է ամերիկահայ հասարակական-քաղաքական գործիչ Վիգէն Յովսեփեանի հետ:
https://www.youtube.com/watch?v=v85uVLFBbVg
Civilnet











