Ադրբեջանն Արցախում կրակել է հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Այս մասին հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
«Օգոստոսի 15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում, Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն: Բարեբախտաբար, քաղաքացուն հաջողվել է փրկվել, վնասվել է միայն կոմբայնը։ Կրակոցների պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում։
Միջադեպի վերաբերյալ տեղեկությունը Արցախի ոստիկանությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին։