Իսմի Աղաև, OC Media
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների սուր քննադատությանն է արժանացել այն տեղեկություններից հետո, որ մի շարք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, իսկ ծառայության ղեկավարությունը ենթադրյալ իշխանամետ անձանց է աշխատանքի ընդունել։ Նախկին աշխատակիցները ռադիոկայանի ադրբեջանական ծառայության բարձր օղակի մի խումբ ղեկավարների մեղադրել են ֆինանսական վատ կառավարման, աշխատողներին բուլինգի ենթարկելու և կազմակերպությունն իրենց շահերին ծառայեցնելու մեջ:
Վերջին երկու տարվա ընթացքում առնվազն վեց լրագրող և խմբագիր ազատվել է աշխատանքից, ևս երեքը ինքնակամ է ազատվել աշխատանքից՝ ի նշան բողոքի:
Ծառայության նախկին աշխատակիցներից մի քանիսը, ինչպես նաև այլ լրատվամիջոցների լրագրողներ ու տեղի քաղաքացիական հասարակության գործիչներ ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ղեկավար Իլքին Մամեդովին, ինչպես նաև բարձր օղակի ղեկավարների, մեղադրել են ռադիոկայանի առաքելությունը վտանգելու, այդ թվում՝ իշխանամերձ շրջանակներից մարդկանց աշխատանքի ընդունելու մեջ։ Նախկին աշխատակիցները նաև ֆինանսական ապօրինությունների վերաբերյալ մեղադրանքներ են հնչեցրել։
Նրանք նաև խոսել են ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում բուլինգի մշակույթի մասին՝ Մամեդովին և մյուս ղեկավարներին մեղադրելով աշխատակիցներին շահագործելու մեջ:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող անկախ լրատվամիջոց է, որը գործում է 23 երկրներում, որտեղ տեղեկատվության նկատմամբ հասանելիությունը կա՛մ գրաքննվում է կառավարության կողմից, կա՛մ պակաս զարգացած է:
Իլքին Մամեդովը կազմակերպության ադրբեջանական ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Պրահայից 2015-ին՝ անմիջապես այն բանից հետո, երբ Ադրբեջանի կառավարությունը փակեց Բաքվում ռադիոկայանի գրասենյակները և սահմանափակեց մուտքը դեպի ծառայության կայք:
Ծառայության նախկին հինգ աշխատակիցներ օգոստոսի 9-ին հրապարակած համատեղ հայտարարությունում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ղեկավարությանը մեղադրում են նրանում, որ վերջիններս թերացել են ադրբեջանական ծառայությունում տիրող իրավիճակը կարգավորելու հարցում։
Նրանք ռադիոկայանի գլխավոր գրասենյակից պահանջում են իրականացնել թափանցիկ և արդյունավետ հետաքննություն, այդ թվում՝ ադրբեջանական ծառայության վերջին ութ տարիների ֆինանսական գործունեության անկախ հետաքննություն անցկացնել, ինչպես նաև հետաքննել մեղադրանքներն առ այն, որ ծառայությունում «վատ, անհարգալից վերաբերմունքի, բուլինգի, ոտնձգությունների» են ենթարկել նրանք, ովքեր կասկածի տակ են դրել ղեկավարության գործունեությունը։ Նրանք պահանջում են նաև հետաքննել նախկին և ներկա աշխատակիցների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մասին մեղադրանքները։
Հայտարարությունը ստորագրած անձինք հավելել են, որ այդ հետաքննության արդյունքները պետք է հանրայնացվեն։
Նրանց պահանջներին երկուշաբթի արձագանքել են ադրբեջանցի մի խումբ հայտնի լրագրողներ և քաղաքացիական հասարակության գործիչներ:
«Խորապես մտահոգիչ են պնդումները, որ Azadlig Radiosu-ի ղեկավարությունն ակտիվորեն խաթարել է անկախ և անաչառ հեռարձակման իր հանձնառությունը՝ ուժեղացնելով ճնշումը և վատ վերաբերմունքն իր աշխատակիցների նկատմամբ»,- ասվում է նրանց հայտարարությունում։
«Ազատություն» ռադիոկայանի նախագահի պաշտոնակատար Ջեֆրի Գեդմինին նրանք կոչ են արել ստեղծել անկախ հանձնաժողով՝ հետաքննելու մեղադրանքները, «հատկապես ֆինանսական խախտումների վերաբերյալ»։
Նրանք կազմակերպությանը նաև կոչ են արել ժամանակավորապես դադարեցնել Իլքին Մամեդովի պաշտոնավարումը որպես ադրբեջանական ծառայության ղեկավար մինչև հետաքննության ավարտը:
Հայտարարությունը ստորագրածների թվում են հայտնի այնպիսի լրագրողներ, ինչպիսիք են Աֆղան Մուխթարլին և Հաբիբ Մունթազիրը, ինչպես նաև քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներ, ինչպիսին է Անար Մամեդլին:
«Ռադիոկայանը ղեկավարում է այնպես, ասես իր պապի ունեցվածքը լինի»
Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ այս տարվա հուլիսին ռադիոկայանի ադրբեջանական ծառայության երկարամյա աշխատակից Թուրխան Քարիմովն ազատվեց աշխատանքից, և նրան փոխարինեց մի մարդ, որը նախկինում աշխատել էր Ադրբեջանի պետական հեռուստատեսությունում։
Քարիմովը ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում, նախքան կփակվեր Բաքվի գրասենյակը, աշխատել էր ավելի քան մեկ տասնամյակ՝ սկսելով թղթակցից։
Քարիմովն ասել է, որ սոցիալական մեդիայի մենեջերի պաշտոնից իրեն հեռացրել են անսպասելիորեն և առանց նախազգուշացման։ Ըստ նրա՝ ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ղեկավար Իլքին Մամեդովն իրեն ասել է, թե ինքը բավականաչափ «ակտիվ չէ»:
Քարիմովի ազատումից անմիջապես հետո նրա տեղը նշանակվել է Մամեդ Շարիֆը։
Վերջինս ներգրավված է եղել Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող մի քանի նախագծերում և հաճախ հանդես է եկել կառավարամետ հեռուստաալիքներով:
Շարիֆը նաև պրոդյուսերական ընկերություն ունի և նախկինում աշխատել է Իլքին Մամեդովի հետ։ Քննադատները նրանց բնութագրում են որպես մտերիմ ընկերներ:
Նախկին աշխատակիցները Շարիֆին մեղադրում են նրանում, որ նշանակումից ի վեր հենց նա է ղեկավարել ռադիոկայանի ադրբեջանական ծառայության անձնակազմի փոխարինման գործընթացը:
Քարիմովի ազատման պատճառով առնվազն երեք այլ աշխատակիցներ ինքնակամ ազատվել են աշխատանքից։
Լրագրող Օրխան Ռուստամզադեն օգոստոսի 2-ին հայտարարել է, որ ի նշան բողոքի՝ հրաժարական է տալիս՝ իրավիճակի պատասխանատուներ համարելով Իլքին Մամեդովին, ոճական խմբագիր Վուսալա Ալիբեյլիին և գլխավոր խմբագիր Զեյնալ Մամեդլիին:
«Տարիներ շարունակ Բաքվի գրասենյակում վերը նշված մենեջերների նկատմամբ լուրջ դժգոհություն է եղել։ Աշխատակիցները վատ վերաբերմունքի, սպառնալիքների, բուլինգի և խմբակային հարձակման են ենթարկվում: Բողոքողներին ազատում են աշխատանքից, կամ ստիպում, որ իրենք ազատվեն: Հատկապես արժեզրկված են Բաքվի գրասենյակի աշխատակիցները»,- ասել է Ռուստամզադեն։
Ռամին Ջաբրայիլովը (հայտնի է որպես Ռամին Դեկո) նույնպես նույն օրը հայտարարել է, որ ազատվում է, «որպեսզի ամեն ինչ ավելի չվատանա»։
Լրագրող Իսլամ Շիխալին օգոստոսի 2-ին ասել է, որ ավելի վաղ դադարեցրել էր աշխատանքը ադրբեջանական ծառայությունում նույն պատճառներով։ Նա որպես պատճառ էր նշել նաև այն, թե ինչպես է Իլքին Մամեդովն իրականացնում կազմակերպության ֆինանսական կառավարումը։
«Ես դեմ էի, որ նա այն ղեկավարի այնպես, ասես իր պապի ունեցվածքը լինի»,- ասել է նա։
Բաքվում գտնվող ԶԼՄ-ների իրավունքի մասնագետ Խալիդ Աղալիևը OC Media-ին ասել է, որ նախկին աշխատակիցների մեղադրանքները «հիմք են, որպեսզի [ադրբեջանական ծառայությունում] ներքին լուրջ հետաքննություն» անցկացվի:
«Նման պնդումները պահանջում են ինչ-որ հետաքննություն, որն ուղեկցվում է հասարակությանը [արդյունքների մասին] տեղեկացմամբ»,- ասել է նա։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը մինչ այժմ հարաբերականորեն լռություն է պահպանում այս առնչությամբ: Օգոստոսի 4-ին X-ում (նախկին Twitter) հրապարակված կարճ հայտարարությամբ նրանք կարծես թե հերքում են մեղադրանքները:
«[«Ազատություն» ռադիոկայանը] խորապես մտահոգված է սոցցանցերում շրջանառվող չհիմնավորված պնդումներով, որոնք կասկածի տակ են դնում մեր լրագրողական գործունեությունն Ադրբեջանում,- ասվում է հայտարարությունում,- [«Ազատություն» ռադիոկայանը] հավատարիմ է ազատ և արդար լրագրությանը»:
Ո՛չ «Ազատություն» ռադիոկայանի կենտրոնական գրասենյակը, ո՛չ Իլքին Մամեդովը չեն արձագանքել լրացուցիչ մեկնաբանություն ստանալու վերաբերյալ OC Media-ի խնդրանքին։
Ռադիոկայանի ադրբեջանական ծառայության գլխավոր խմբագիր Զեյնալ Մամեդլին հերքել է մեղադրանքները: «Ես չէ, որ պետք է հայտարարություն անեմ, սակայն կարող եմ ասել, որ այն ամենը, ինչ գրված է, անհեթեթություն է։ Կառավարությանը քննադատող մարդիկ այժմ վարվում են այնպես, ինչպես իշխանությունն ընդդեմ «Ազատություն» ռադիոկայանի»,- OC Media-ին ասել է Մամեդլին: