Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդ նիստի կապակցությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Մենք ուշի-ուշով հետևում ենք զարգացումներին։ Նպատակ սահմանելով նման քայլով կանխել զանգվածային ոճրագործությունները, ներառյալ` պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը՝ հույս ունենք, որ ՀՀ իշխանությունները ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրների հետ կատարել են անհրաժեշտ աշխատանք առաջադրված նպատակին հասնելու համար։
Ստեղծված իրավիճակում գտնում ենք․
1. Միջազգային հանրության և Հայաստանի գործող իշխանությունների բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն Լեռնային Ղարաբաղում ստեղծված աղետալի հումանիտար իրավիճակի շուտափույթ լուծմանը։
2. Երբ Ադրբեջանը բացահայտորեն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ցեղասպան քաղաքականություն, չի կարող լինել հակամարտության քաղաքական կարգավորման արդյունավետ քննարկում, քանի դեռ չի վերականգնվել Լաչինի միջանցքի լիարժեք գործունեությունը։
3. Միջազգային հանրությունը պետք է ճանաչի և դատապարտի այն փաստը, որ Ադրբեջանը լիովին անտեսում է միջազգային դատական ատյանների որոշումները և գտնի արդյունավետ մեխանիզմներ՝ ստիպելու Ադրբեջանին կատարել դրանք։
4. Հայաստանի համար, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի նախաձեռնող, պետք է կարմիր գիծ հանդիսանան Արցախի հայերի՝ որպես Ադրբեջանի կազմում բնակվող էթնիկ փոքրամասնության արձանագրումը և նույնիսկ Լաչինի միջանցքի բացման դիմաց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի որևէ սահմանափակում։
5. Ադրբեջանի գործողությունները օրինական իրավունք են տալիս հայկական կողմին ետ կանգնել առայսօր իրենց կողմից արված ոչ հայանպաստ և Արցախի ինքնորոշման իրավունքը սահմանափակող հայտարարություններից, փոխել այսօրվա բանակցությունների վտանգավոր նարատիվը և կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի հիմնարար իրավունքների իրացման և անվտանգության ապահովման վրա»,- ասված է հայտարարությունում։
https://www.civilnet.am/news/747346/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%ab-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b8%d5%be-%d5%b4%d5%a1%d5%af-%d5%ab-%d5%a1%d5%b6%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d6%80%d5%a4%d5%ab-%d5%b6%d5%ab%d5%bd%d5%bf%d5%a8-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ab-%d5%af%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b6%d5%a1-%d5%a1%d5%b5%d5%bd%d6%85%d6%80-%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a8-2300-%d5%ab%d5%b6/