Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԼՂՀ նորանշանակ կառավարության անդրանիկ նիստը, հաղորդում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքը:
Բակո Սահակյանը նշել է, որ նրան հաջողվել է իրականացնել նախանշված ծրագրերը, որի մասին են վկայում 2007-2012թթ. սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական ցուցանիշները և գրեթե բոլոր ոլորտներում արձանագրված առաջընթացը:
Արցախի նախագահն ընդգծել է, որ առաջիկա հինգ տարիներին անհրաժեշտ է ապահովել 9-11% տարեկան տնտեսական աճ, որի համար կան բոլոր հնարավորություններն ու նախադրյալները:
ԼՂՀ նախագահը բոլոր ձեռքբերումների հիմքը համարել է հզոր ու մարտունակ բանակը՝ հավելելով, որ պետությունն այսուհետ էլ կանի ամեն ինչ զինված ուժերի առջև ծառացած խնդիրները արժանվույնս լուծելու համար:
Նորանշանակ կառավարության անդամներից նախագահն ակնկալել է ազնիվ ու քրտնաջան աշխատանք, սրտացավ վերաբերմունք պետության ու ժողովրդի հոգսերի նկատմամբ:
«Պետության առջև ծառացած խնդիրները բարդ են, բայց և միանգամայն լուծելի»,- ամփոփել է Բակո Սահակյանը: