Ըստ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի հիմնական արդյունքը միջանցքի փակ լինելու արձանագրումն էր

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում օգոստոսի 16-ին տեղի ունեցած քննարկման հիմնական արդյունքն այն է, որ միջազգային ատյանում ընդգծվեց միջանցքի փակ լինելը։ Կառավարության օգոստոսի 17-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միգուցե տարօրինակ թվա, որ սա արձանագրում եմ որպես քննարկան արդյունք, բայց Ադրբեջանն անընդհատ ու շարունակաբար պնդում է, թե միջանցքը փակ չէ»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ երկրորդ արդյունքն այն է, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստը հաստատեց հումանիտար ճգնաժամի առկայությունն ու այն, որ 120 000 մարդու կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ։ Փաշինյանը նաև շեշտում է՝ նիստում ընդգծվեց, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անարգել, երկկողմանի շարժի ապահովման վերաբերյալ որոշումը Ադրբեջանի կողմից չի կատարվել։

«Ճշմարտությունը Լաչինի միջանցի ապօրինի արգելափակման վերաբերյալ բարձրաձայնված է ու ԱԽ-ում հավաքական կոչ է հնչել վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը։ Իհարկե, այս կոչը իրագործված չէ ու 400 տոննա հումանիտար բեռը սպասում է Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությանը»,- ասաց նա։

Փաշինյանը նկատեց՝ Ադրբեջանը մի կողմից արգելափակել է 100 տոննա ալյուրի մուտքը ԼՂ, մյուս կողմից թույլ չի տալիս, որ ղարաբաղցիները իրենց ցանած հացահատիկը հավաքեն՝ ալյուր ունենալու համար․ «Սա փաստ է, որ հիմնավորում է հետևյալ թեզը՝ Ադրբեջանը ԼՂ-ի հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության է ենթարկում»,- հայտարարեց Փաշինյանը։

***

2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։

Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։

Հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ հումանիտար օգնություն է ուղարկում Արցախ։ Նախապես հայտարարվել էր, որ հայկական կողմը բեռը կհասցնի Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահներն այն կտեղափոխեն Արցախ։ Օգնությունը տեղափոխող բեռնատար մեքենաները դեռ կանգնած են հայկական անցակետի մոտ։

Օգոստոսի 16-ին Հայաստանի պահանջով կայացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ։

https://www.civilnet.am/news/747456/%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf-%d5%b4%d5%ab%d6%80%d5%a6%d5%b8%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b4%d5%a1%d5%af-%d5%ab-%d5%a1%d5%b6%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d6%80%d5%a4%d5%ab-%d5%b6%d5%ab%d5%bd%d5%bf%d5%ab%d5%b6-%d5%b6%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81%d6%80%d5%a5%d6%81-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%af%d5%b6%d5%af%d5%a1%d5%ac%d5%ab%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/

Մեկնաբանել