ՀԲԸՄ-ը շարունակում է աջակցել Հայաստանում ապաստանած սիրիահայերին

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) պատրաստակամություն է հայտնում վճարելու այն սիրիահայերի վարձավճարները, որոնք ապրում են Երևանից դուրս, Հայաստանի այլ մարզերում, ասված է ՀԲԸՄ-ի տարածած մամլո հաղորդագրությունում:

Միությունը ֆինանսապես կաջակցի նաև այն սիրիահայերին, որոնք ստանում են հայագիտական ուղղությամբ մասնագիտական բարձրագույն կրթություն և դժվարություններ ունեն ուսման վարձավճարների մուծման հարցում:

Հաղորդագրությունում նշվում է, որ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը հավանություն է տվել Հայաստանում սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող հասարակական կազմակերպություն հիմնելու ծրագրին աջակցելու առաջարկին: ՀԲԸՄ-ը կնպաստի այդ կազմակերպության գործունեությանը, որը կգործի միության տրամադրած տարածքում, ինչպես նաև միությունը կվճարի աշխատակիցներից երկուսի աշխատավարձը: ՀԲԸՄ-ը տարածք կտրամադրի նաև Հայաստանում գտնվող սիրիահայերին, որոնք հնարավորություն կունենան այնտեղ հավաքներ անցկացնելու, ճանաչողական հանդիպումներ ունենալու, ինչպես նաև իրենց հուզող հարցեր քննարկելու: