Առաջին ալիքը փակել է «Պրոժեկտորպերիսհիլթոն» ծրագիրը

Նոր սեզոնում «Պրոժեկտորպերիսհիլթոն» հեռուստածրագիրը չի հեռարձակվի ռուսաստանյան Առաջին ալիքի եթերով:

Հեռուստադիտողի կողմից ամենասիրված և ալիքի ամենահաջող նախագծերից մեկի փակման մասին որոշումն ընդունվել է, երբ պարզ է դարձել, որ հաղորդման հիմնական վարողներ Սերգեյ Սվետլակովի և Գարիկ Մարտիրոսյանի մասնակցությունն այլևս անհնար է:

Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը տարածել է գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստի մեկնաբանությունը. «Դեռ ամռանն ինձ զանգել է «Գազպրոմ մեդիա հոլդինգի» տնօրեն Նիկոլայ Սենկևիչն ու ասել, որ Սերգեյ Սվետլակովն ու Գարիկ Մարտիրոսյանը նոր պայմանագիր են կնքել «ՏՆՏ» ալիքի հետ և այլևս չեն վարի «Պրոժեկտորպերիսհիլթոն» ծրագիրը: Ես նրան խնդրեցի, որ տղաներին թույլ տան մասնակցել Առաջինի գեթ մի նախագծին: Բարի կամքի դեպքում նման հարցերը հեռուստատեսությունում հեշտ լուծում են ստանում, սակայն Սենկևիչն այն չդրսևորեց : Մենք անչափ ցավում ենք, որ ստիպված ենք փակել նախագիծը:

Մենք որոշել ենք, որ չենք կարող փոխարինել նախագծի վարողներին` «Բիթլզում» հնարավոր չէ մասնակիցների փոփոխություն: «Պրոժեկտորը» թանկ էր մեզ համար այնպիսին, ինչպիսին մենք այն ստեղծել էինք և ինչպիսին դուք դիտում էիք 2008-ից ի վեր: Մենք շնորհակալ ենք Սերգեյ Սվետլակովին և Գարիկ Մարտիրոսյանին այն դրայվի և նվիրման համար, որով նրանք աշխատում էին, և մաղթում ենք նրանց հաջողություն հիմնական աշխատավայրում»: