Այս խնդիրն այլևս միայն Սիվիլիթասին կամ Օսկանյանին չի առնչվում

Սեպտեմբերի 27-ին ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց Սիվիլիթաս հիմնադրամի բողոքը, որով պահանջվում էր վերացնել Ազգային անվտանգության ծառայության կողմից 2012թ. մայիսի 25-ին քրեական գործ հարուցելու մասին որոշումը, որն առնչվում է հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին: Ավելի վաղ նույն հայցը մերժել էր նաև առաջին ատյանի դատարանը: Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը պատասխանել է գործի վերաբերյալ հարցերին:

Տիկին Ղազարյան, վերաքննիչ դատարանը մերժեց Սիվիլիթասի հայցը, որով պահանջում էիք վերացնել ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Դատական նիստի ընթացքում կարծես չէր խոսվում փողերի լվացման մասին: Առհասարակ, երկակի տպավորություն կա՝ ով ում է դատի տալիս, ԱԱԾ-ն ձե՞զ, թե՞ դուք՝ ԱԱԾ-ին:
-ԱԱԾ-ի որոշումը, որը սզկիզբ դրեց այս անհեթեթ գործընթացին, վերաբերում էր փողերի լվացմանը և կեղտոտ փողերին, և ենթադրում էր, որ Սիվիլիթաս հիմնադրամը և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանը ինչ-որ կերպ կապված են այդ գործողություններին: Մենք այլ ելք չունեինք, քան թույլ չտալ, որ նման անհիմն մեղադրանքներ առաջ քաշվեն: Այդ իսկ պատճառով կառավարական գերատեսչության որոշման դեմ մենք հայց ներկայացրեցինք դատարան: Մենք դիմեցինք գլխավոր դատախազին՝ պահանջելով, որ անվավեր ճանաչվեն մեզ առնչվող քրեական գործի հարուցման հիմքերը: Չնայած դատարաններն առայսօր մերժել են մեր հայցը, այն ակնհայտորեն արդարացի է: Դատական երկու նիստերի ընթացքում կեղտոտ փողերի մասին որևէ խոսք չկար: Ներքին ստուգումներից և փորձաքննությունից հետո փաստորեն հասկացել են, որ նման բան չկա: Հավանաբար գործի պատվիրատուները նախապես ենթադրում էին, որ Հանթսմանի կողմից նվիրատվության ընթացքում հարկային պարտավորություններ կամ այլ հարցեր են առաջացել: Ըստ երևույթին արդեն համոզվել են, որ նման բան չկա. բոլոր փոխանցումները կատարվել են օրենքի տառին համաձայն, ինչի մասին ի սկզբանե մենք հայտարարել ենք:

Ձեր փաստաբանը հայտարարել է, որ Հայաստանում սպառելու եք բոլոր դատական ատյանները, որպեսզի դիմեք միջազգային արդարադատությանը: Այս պատասխանից կարելի՞ է ենթադրել, որ դուք նույն որոշումն եք ակնկալում նաև վճռաբեկ դատարանից:
-Օգոստոսի 20-ին առաջին ատյանի դատարանը մերժեց մեր հայցը: Այսօր մեր հայցը մերժեց վերաքննիչ դատարանը: Մենք կանցնենք դատական բոլոր ատյաններով, կգնանք վճռաբեկ դատարան, և դրանից հետո կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ԱԱծ-ի կողմից հարուցված այս գործը իսկապես արատավորում է մեր կատարած աշխատանքը, մեր բարի համբավը, և մենք թույլ չենք տալու, որ այդպես շարունակվի: Ավելին, մեր բարի համբավն արատավորելու փորձերն այլ ուղղություն են ստացել․ չկարողանալով «փողերի լվացման» մասով փաստեր հայտնաբերել, հիմա էլ անցել են «փողերի յուրացման» մեղադրանքների:

Դատական գործընթացներին զուգահեռ ընթանում են նաև հարկային ստուգումներ Սիվիլիթասում: Հայտնի է, որ դրանք արդեն երկրորդ անգամ կասեցվել են 30 աշխատանքային օրով: Հարկայինի այս վարքագիծն ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Նույն պատասխանով, որ ոչինչ չեն գտել, բայց քանի որ կա քաղաքական պատվեր, և հրահանգ է իջեցված ինչ-որ բան գտնել, սկսել են խոսել փողերի յուրացման մասին, որը ոչ պակաս անհեթեթություն է հետևյալ շատ պարզ պատճառով. Հանթսմանի ընկերությունների կողմից եղել է նվիրատվություն, գումարները նրանց ցուցումով փոխանցվել են Վարդան Օսկանյանին: Պարոն Օսկանյանը այդ գումարներն իր հաշվի վրա պահել է Հանթսմանի և Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի գիտությամբ: Սիվիլիթասի հիմնադիր և մինչև այս տարվա մարտը հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը իր հաշվից ըստ անհրաժեշտության գումարներ է փոխանցել հիմնադրամին: Այդ բոլոր փոխանցումները եղել են թափանցիկ, կան դրանց վերաբերյալ բոլոր փաստաթղթերը: Չի եղել ո՛չ յուրացում, ո՛չ թերացում և ո՛չ էլ որևէ այլ սխալ գործողություն, ինչի մասին վկայում են փաստաթղթերը:

Երեկ դատական նիստի ընթացքում քննիչն ու դատախազը խոսում էին փաստորեն Սիվիլիթասի շահերը Վարդան Օսկանյանից պաշտպանելու մասին: Սիվիլիթասը նման պաշտպանության կարիք ունի՞:
-Սա այդ անհեթեթությունների շարքից է և ապացուցում է քաղաքան պատվերի առկայությունը: Իրավական կամ փաստական որևէ հիմք չկա նման պնդմամբ հանդես գալու համար: Տրամաբանությունը թելադրում է, որ եթե կա փողերի յուրացում, պետք է լինի նաև բողոք կա՛մ փողը տվողի կողմից, այսինքն՝ Հանթսմանի, կա՛մ փողը ստացողի, այսինքն՝ Սիվիլիթասի: Մեր պարագայում ոչ միայն այդպիսի բողոք չկա, այլև կա ճիշտ հակառակը: Ե՛վ փող տվողը, և՛ ստացողը հենց առաջին օրվանից հաստատում են, որ այդպես էլ նախատեսվում էր, որ Հանթսմանի կողմից Սիվիլիթասին տրամադրվող գումարները պահ կտրվեն Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանի մոտ և, ըստ անհրաժեշտության՝ Սիվիլիթասի կանոնադրական նպատակաների իրականացման համար կտրամադրվեն հիմնադրամին: Նոր՝ մի շաբաթ առաջ Հանթսմանների կողմից վերահաստատող գրագրություն ենք ստացել որտեղ ասում են. «Սույն նամակը վերահաստատում է` «Հանթսման Ինթերնեշընլ ՍՊԸ և Պոլիմեր Մաթերիալս»ի անունից մեր նախորդ խնդրանքը, որ «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերության բաժնեմասի վաճառքից ստացված հասույթը (որի ընդհանուր զուտ գումարը, մենք հասկանում ենք, որ կազմել է $1,427,000) հատկացվում է Սիվիլիթաս հիմնադրամին` նրա բարեգործական նպատակների օգտագործման համար, ինչն իրականացվում է նրա հիմնադիր և խորհրդի նախագահ պարոն Վարդան Օսկանյանի միջոցով և հայեցողությամբ՝ առանց ժամկետների, որը մենք հասկանում ենք, որ ի պահ է թողել իր մոտ և շարունակում է պահել այդ միջոցները հիմնադրամի անունից այս միջանկյալ ժամանակաhատվածում»:

Սիվիլիթասի հին և նոր խորհուրդները հայտարարություններով նույնպես վերահաստատում են այս բոլորը: Նաև ասեմ, որ Օսկանյանի կողմից Սիվիլիթասին փոխանցված և Սիվիլիթասի հաշվապահությունը վարող «Պարադիգմա» ընկերության կողմից արձանագրված փոխանցումները, այս պահին Օսկանյանի բանկային հաշվում գտնվող գումարը, դրա վրա ավելացած տոկոսագումարի հանրագումարը բացարձակ համապատասխան են:

Վերջին մի քանի օրերին լրատվամիջոցներում քննարկվում է, որ գլխավոր դատախազը կարող է մտնել խորհրդարան Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով:
Կրկնեմ, վերոնշյալ փաստերի առկայության պարագայում պարզապես անհեթեթություն է խոսել փողերի յուրացման կամ խորհրդարան մտնելու մասին: Մեր պետական կառույցները պետք է վերջ տան իրենց լիազորությունների նման չարաշահումներին: Հերիք չէ, որ ԱԱԾ-ն չորս ամիս ժամանակ, ռեսուրս ու մարդուժ վատնեց հետաքննելու Օսկանյանին ու Սիվիլիթասը, փոխանակ զբաղվեր Սաֆարովի գործով ու երկրի անվտանգության իրական խնդիրներով, հերիք չէ, որ դատական համակարգը՝ դատավորներից մինչև դատախազ, քաղաքական հրահանգներ կատարելու պարբերական շոուներ են սարքում, հիմա էլ իշխանությունները մտածում իրենց կցորդ խորհրդարանի՞ն ներքաշել այս խաղի մեջ: Հարց է առաջանում՝ երկրում համատարած կոռուպցիայի, չարաշահումների, ամենաթողության պայմաններում առավելագույնս թափանցիկ աշխատած Սիվիլիթա՞սն ու Օսկանյա՞նն էին ազգային անվտանգության սպառնալիքը:

Այս խնդիրն այլևս միայն Սիվիլիթասին կամ Օսկանյանին չի առնչվում: Սա խոսում է այն մասին, թե կառավարությունն ինչպես է օգտագործում իր ռեսուրսները նախընտրական այս սեզոնին։ Սիվիլիթասը իհարկե անցնելու է իրավական հերթական ընթացակարգերը և գնալու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ապացուցելու, որ այս գործը քաղաքական պատվեր է: Այս ամենից զատ, մենք ամեն օր հանրության դատի առջև ենք՝ մեր աշխատանքով, փաստաթղթերով, մեր թափանցիկ գործունեությամբ: Եվ չնայած քաղաքական այս գործընթացներին, մենք մեր գործունեության հինգերորդ տարին հպարտ ենք թևակոխում: Մենք մի շարք նոր ծրագրեր ենք նախատեսում սկսել, և տարին, չնայած այս խժդժություններին, հաջող ենք ավարտելու:

Մեկնաբանել