Արցախում օրեցօր ահագնացող հումանիտար աղետի ֆոնին խորանում է նաև ներքաղաքական ճգնաժամը։ Բուռն կուլիսային գործընթացները, որոնք տեսանելի չէին լայն հանրությանը, վերջին օրերի ընթացքում սկսեցին հրապարակային դրսևորումներ ստանալ։
Այսպես, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը օգոստոսի 19-ին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակեց, որում մի շարք մեղադրաքներ հնչեցրեց նախագահ Արայիկ Հարությունյանի հասցեին։
Վարդանյանը հայտարարեց, որ Հարությունյանը օրեր առաջ մի խումբ մարդկանց ներկայությամբ խոստացել էր հրաժարական տալ նախագահի պաշտոնից, սակայն չկատարեց իր խոստումը։ Վարդանյանի տեսաուղերձից օրեր առաջ Հարությունյանի հնարավոր հրաժարականի մասին գրել էր հայկական տելեգրամ ալիքներից մեկը։ Այդ գրառումը ակտիվորեն տարածվել էր նաև ադրբեջանական մամուլում։
Ռուբեն Վարդանյանի այս տեսաուղերձը վերջին շրջանում Արցախում տեղի ունեցող բուռն ներքաղաքական զարգացումների հետևանքն է։ Վարդանյանը պետնախարարի պաշտոնից ազատվելուց հետո ակտիվ քաղաքական գործունեություն էր ծավալում Արցախում։ Վերջին ամիսների ընթացքում նրան հաջողվել էր մեկ բևեռում համախմբել Արցախի նախկին նախագահներին, նրանց ազդեցության տակ գտնվող նախկին բարձրաստիճան ուժայիններին, ինչպես նաև Ազգային ժողովի երեք ընդդիմադիր խմբակցություններին։
Այս լայն կոնսոլիդացիայի շնորհիվ տվյալ բևեռը դարձել է Արցախի ներքաղաքական կյանքի հիմնական դերակատարներից մեկը։ Մյուս կարևոր բևեռը Սամվել Բաբայանի թիմն է՝ երկրորդ խորհրդարանական խմբակցությունը։
Այս ճամբարները վերջին ամիսների ընթացքում ակտիվորեն պայքարում էին իշխանության համար։ Մայիսին այս երկու ներքաղաքական բևեռները նույնիսկ փողոցային ակտիվություն էին ցուցաբերում՝ կազմակերպելով գրեթե միաժամանակյա հանրահավաքներ, որոնք, սակայն, որևէ էական քաղաքական դիվիդենդներ չտվեցին նրանց։
Արայիկ Հարությունյանը, որի իշխանությունը պատերազմի ավարտից հետո բավականին երերուն է, ստիպված է մանևրել այս ուժերի միջև՝ երբեմն գնալով զիջումների, երբեմն էլ փորձելով ուժ ցուցադրել։
Ուժի ցուցադրման դրվագներից մեկը, որի մասին ակնարկեց նաև Ռուբեն Վարդանյանը իր տեսաուղերձում, տեղի ունեցավ նախորդ շաբաթվա ընթացքում։ Օգոստոսի 17-ին մի շարք աշխարհազորայիններ, որոնք, ըստ տարբեր աղբյուրների, ուղղորդվում էին Արայիկ Հարությունյանի մերձավորների կողմից, մտել էին Ազգային ժողովի շենք՝ նպատակ ունենալով իրենց խնդիրները ներկայացնել ԱԺ պատգամավորներին ու ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանին։ Այդ հանդիպումը, կարծես թե, տեղի չի ունեցել։ Փոխարենը, տվյալ միջադեպից հետո աշխարհազորայինների այդ խմբի հետ հանդիպում է ունեցել Արայիկ Հարությունյանը։
Սա, ամենայն հավանականությամբ, Հարությունյանի կողմից նախօրոք պլանավորված քայլ էր, որը նպատակ էր հետապնդում հեղինակազրկել Ազգային ժողովը, որը Ռուբեն Վարդանյանի ճամբարի ջանքերով քաղաքականապես ակտիվացել է վերջին շրջանում, ինչպես նաև ցույց տալ բոլոր դերակատարներին, որ նա դեռևս որոշակի լծակներ ու աջակցություն ունի։ Այս քայլի միջոցով Հարությունյանը հավանաբար փորձ է կատարել նաև երկրորդ պլան մղել իր հրաժարականի օրակարգը։
Այնուամենայնիվ, ամիսներով շարունակվող այս ներքաղաքական անկայունությունը ոչ միայն իշխանության համար պայքարի մասին է, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլև Արցախում ստեղծված իրավիճակից ելքերի վերաբերյալ տարբերվող պատկերացումների մասին։ Այս բոլոր դերակատարները ունեն իրենց տեսակետները ճգնաժամի հնարավոր լուծումների վերաբերյալ։
Սամվել Բաբայանը և իր թիմը, ինչպես հայտնի է, կողմնակից են Ադրբեջանի հետ ուղիղ, չմիջնորդավորված երկխոսությանը, բոլոր ճանապարհների բացմանը և առևտրատնտեսական կապերի հաստատմանը (այլ հարց է, թե ինչպես է Բաքուն տեսնում այդ գործընթացները)։
Արայիկ Հարությունյանը և իր կառավարությունը կողմ է Բաքվի հետ միջնորդավորված բանակցություններին՝ ոչ Ադրբեջանի տարածքում։ Արցախի իշխանությունները մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, ստիպված են լինելու ընդունել հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման տարբերակ, որը ներառելու է նաև Աղդամի ճանապարհի գործարկումը։
Հավանական է, որ այդ ճանապարհով միջազգային կազմակերպությունների կողմից ոչ ադրբեջանական ծագման հումանիտար բեռներ են մատակարարվելու Լեռնային Ղարաբաղ, Լաչինի միջանցքով ևս որոշակի փոխադրումներ են իրականացվելու։
Ինչպես ցույց տվեց օգոստոսի 16-ին տեղի ունեցած քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, բոլոր հիմնական դերակատարները այս մոտեցման կողմնակից են, և Ստեփանակերտի համար դժվար է լինելու հրաժարվել այս տարբերակից ու ակնկալել հավելյալ ճնշումներ Բաքվի նկատմամբ։ Այս առաջարկի ընդունումը կարող է ներքաղաքական սրացման հերթական պատճառը դառնալ։
Ռուբեն Վարդանյանի և իր բևեռի կարծիքը Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների վերաբերյալ, կարծես թե, այն է, որ դրանք պետք է տեղի ունենան միջազգային ձևաչափով։ Սակայն հումանիտար ճգնաժամից ելքեր գտնելու հարցում հստակ լուծումների մասին չի խոսվում։ Կան բազմաթիվ հայտարարություններ պայքարի անհրաժեշտության մասին, բայց չկա խոսք ոչ այդ պայքարի ճանապարհային քարտեզի, ոչ էլ այն մեխանիզմների ու ռեսուրսների մասին, որոնց միջոցով պետք է իրականացվի պայքարը։
Մոտակա շաբաթների ընթացքում այս երեք հիմնական դերակատարների միջև ուժերի հարաբերակցությունից է կախված լինելու, թե որ մոտեցումներն են գերիշխող դառնալու Արցախում։ Խորացող հումանիտար ճգնաժամի ֆոնին քաղաքական զարգացումները ևս կարող են անկանխատեսելի ընթացք ստանալ։