Ավինյանի, Մարությանի ու Թանդիլյանի գլխավորած ընտրական ցուցակները՝ խոշորացույցով

Գևորգ Թոսունյան

Սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 14 ուժ։ Ընտրություններին ընդառաջ ՍիվիլՆեթը վերլուծում է քաղաքական ուժերի ցուցակները։ Շարքի առաջին մասում խոշորացույցի տակ են հայտնվել «Քաղաքացիական պայմանագիր», Հայկ Մարությանին առաջադրած «Ազգային առաջընթաց» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ցուցակները։

«Քաղաքացիական պայմանագիր»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կազմված է 181 անձից։ Ցուցակի գերակշիռ մասը պաշտոնյաներ են ու տարբեր պետական մարմինների աշխատակիցներ՝ 101 անձ։ Այս ցուցակում ներկայացված են նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարները։ Ցուցակի առաջին համարը, ինչպես հայտնի է, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է։

Իգական սեռի ներկայացուցիչները ցուցակում 61-ն են, գործազուրկները՝ 17-ը, 25-ը գործարար ոլորտից են՝ հիմնականում տարբեր ընկերությունների տնօրեններ, մանկավարժները՝ 8-ը։

Ցուցակի առաջին կին անդամը Նուարդ Վարդանյանն է, որը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում է։ Ցուցակում իգական սեռի ներկայացուցիչներից տեսնում ենք նաև դերասանուհի Տաթև Հովակիմյանին, նա անցողիկ՝ 12-րդ համարում է։

ՔՊ-ի ցուցակում կան նաև պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, օրինակ՝ ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արշակ Օրդուխանյանը։ Ցուցակի 91-րդ և 92-րդ համարներում պաշտպանության նախարարի օգնական Էդմոնդ Դավթյանն ու նախարարի ռեֆերենտ Հարություն Մաթևոսյանն են։

Ցուցակում քիչ չեն նաև ԱԺ պաշտոնյաները՝ փորձագետներ, ԱԺ նախագահի ռեֆերենտ, աշխատակազմի ղեկավարի կամ պատգամավորի օգնականներ։

Ցուցակի 67-րդ համարը գործարար, ՀՀԿ-ի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ի մատակարարման բաժնի ղեկավար Հովհաննես Մոջորյանն է, իսկ 19-րդ համարը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ «Մեդիահաուս Արմենիա» ՍՊԸ-ի ֆինանսական գծով տնօրեն, ավագանու իմքայլական անդամ Արման Հարությունյանը։

«Ազգային առաջընթաց»

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը ներկայանում է Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանով։ Նա կուսակցության 70 հոգանոց ցուցակի առաջին համարն է։

Այս ցուցակում գերակշռողը գործազուրկներն են՝ 38 հոգի, նման նշում է արել նաև հենց ինքը՝ Մարությանը։ Մյուսները հիմնականում գործարար դաշտից են․ 20 անձ տարբեր ՍՊԸ-ներում ունեն պաշտոններ, հիմնականում տնօրեններ են ու անհատ ձեռնարկատերեր։ Քիչ չեն նաև առողջապահության ոլորտի աշխատողները, կան դասախոսներ։ Պետական մարմինների պաշտոնյաներ չկան։

Ցուցակի երկրորդ համարը «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ, իրավաբան Հայկ Գրիգորյանն է։ Առաջին կին ներկայացուցիչը Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն է, նրան հաջորդում է ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը, նրանք երկուսն էլ Հայկ Մարությանի թիմից են։

«Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը, ինչպես հայտնի է, գլխավորում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը, իսկ երկրորդ համարը Մեսրոպ Առաքելյանն է։ Ցուցակն ունի 129 ներկայացուցիչ։ Կանայք այս ցուցակում 53-ն են, իսկ գործարար դաշտի ներկայացուցիչները՝ 47-ը, հիմնականում տարբեր ՍՊԸ-ների տնօրեններ ու այլ աշխատակիցներ, գործազուրկները 36-ն են։ Ցուցակում 11 անձ դասախոսներ են կամ ուսուցիչներ։ Պաշտոնատար անձինք չկան։

Այս ցուցակի 4-րդ համարը գրող Աշոտ Աղաբաբյանն է, 5-րդ համարը՝ ճարտարապետության թեկնածու Տելեմակ Անանյանը, 68-րդ համարը՝ բալետի արտիստ Կարեն Մարտիրոսյանը։

Մեկնաբանել