Օգոտսոսի 19-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ցույցից հետո Դավիթ Մինասյանին ոստիկանությունը բերման է ենթարկել և տեղափոխել Ասկերանի բաժին։ Մինասյանը ՍիվիլՆեթին պատմեց, որ իրեն հայհոյել ու բռնության են ենթարկել ինչպես ճանապարհին, այնպես էլ բաժնում, որտեղ նրան պահել են մի ամբողջ օր։
Դավիթ Մինասյանը երեսպատող վարպետ է, այժմ աշխատում է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունում որպես էլկետրագործ։ Արցախում նա հայտնի է սոցիալական ցանցերից, հումորներ է անում և հաճախ նմանակում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ ՍիվիլՆեթը զրուցել է Դավիթ Մինասյանի հետ։
– Ի՞նչ ցույց էր։ Ի՞նչ էիք պահանջում օգոստոսի 19-ին։
– Ճիշտն ասած, դուրս էի եկել նրա համար, որ սով է, չեմ կարողանում ապրել։ Մարդիկ թեկուզ աշխատում են, թոշակ են ստանում, բայց խանութներում բան չկա գնելու։ Կամ բանկոմատների առջև այնպիսի հերթեր են, որ մեկը փողը ստանում է, մյուսը չի կարողանում ստանալ։ Մի քանի հոգով որոշել էինք դուրս գալ հրապարակ։ Ես ուզում էի ասել, որ սոված եմ, սովածության համար եմ դուրս եկել։
– Քանի՞ հոգի եք եղել ցույցի ժամանակ։
-Ես համացանցով հայտարարել էի, հետո մոտավորապես մի 200 հոգի եկել էին ու ավելի շատացել։
– Ձեր նպատակը ո՞րն էր։ Նախագահի՞ն հանդիպել։
– Օրինակ, դուրս գան ու պատասխան տան։ Ասեն՝ ժողովուրդ, վերջում լավ է լինելու։ Բայց ինը ամիս է՝ շրջափակման մեջ ենք, այդքա՜ն հանրահավաք ենք արել, բայց մի կոնկրետ բան չենք ստացել։ Քանի գնում՝ վատանում է։ Ամեն մեկը պրոբլեմ ունի։ Ես հենց բողոքել եմ նրա համար, որ սոված ենք ու չենք կարողանում ապրել։
– Ձեզ սկզբում ուզում էին բերման ենթարկել, չէ՞, ինչո՞ւ չստացվեց․․․
– Սկզբում բարձրախոս էի տարել և ուզում էի խոսափողով խոսել։ Մի վեց ոստիկան եկավ, որոնցից մեկը մոտեցավ ու խնդրեց՝ առանձնանամ։ Ճանաչում էր ինձ, հարցրեց՝ Դավիթ, կարո՞ղ ենք գնալ բաժին, մի տասը րոպե խոսելու բան կա։ Ասացի՝ չէ, դուրս ենք եկել ժողովրդով, որ տեսնենք սրա վերջը ինչ է լինելու, սով է, ուտելու բան չենք գտնում։ Այդ ոստիկանը ուզեց տանել բաժին, բայց քանի որ մոտս մարդիկ կային, չկարողացավ։ Այդտեղ բռնվել ենք, իրար խփել չի եղել, քաշել են, որ մտցնեն մեքենան, բայց մոտիս մարդիկ չեն թողել։
Հետո ահագին մարդ սկսեց ելույթ ունենալ։ Պետնախարարը դուրս եկավ, մի պահ ուզում էին, որ նախագահը դուրս գա, ասացին, որ նախագահը տեղում չէ։ Դե միշտ այդպես է լինում, նախագահը տեղում չի լինում։
Պետնախարարը եկավ, դիմեցիք նրան, որ սոված ենք։ Ծնողներից մեկն ասաց, որ երեխան դեղերի կարիք ունի, թոշակառուները բողոքում էին, որ չեն կարողանում փող հանել բանկոմատներից․․․
– Ցանկացան բերման ենթարկել, չկարողացան։ Հետո գնում եք տուն և․․․
– Մինչև գիշերվա ժամը երկուսը մի քանի հոգով կանգնեցինք այնտեղ, հետո մի տղա եկավ, բայց չգիտեմ՝ ով էր․․․
– Ուժային կառույցների՞ց էր։
– Հա, կարող է, այդպես եմ իմացել։ Հետիս մարդիկ ասում են՝ հանգիստ եղիր, չենք թողնելու՝ բռնեն։ Մի պահ անձրև սկսվեց, մտանք վրան։ Այդ անձը power bank-ի պես սարք ուներ, որը, ինչպես հետո հասկացա, ձայնագրիչ էր։ Ընդհանրապես, ոչ մի հայհոյանք չեմ տվել։ Արդեն տուն գնալիս, երբ մենակ էի մնացել, «Բարդակ» փաբի մոտ էր, տեսա մի «Ուազ»։ Վազելով գնում էի, սելավ էր սկսվել։ Տեսնեմ՝ «Ուազից» ոստիկաններ են դուրս գալիս, սպեցնազի աշխատակիցներ էին՝ սև համազգեստներով, դիմակներով։ «Նստիր ավտոն, նստիր ավտոն», ասացին։ Ես բրդում էի, բայց վերջը հրեցին դեպի ավտոն։ Տղաներից մեկը իր հագի դիմակը հանում է ու գլուխս մտցնում, ձեռքերս կապում։ Խփում են, հայհոյում են, այս պահին չեմ կարող ասել, թե ինչ հայհոյանք։ Հասկացա, որ երկար ճանապարհ ենք գնում, գնում ենք Ասկերան։ Թեև դիմակով էի, բայց ցանցի միջից տեսնում էի։ Տարան Ասկերանի ոստիկանության բաժին։ Մտցրին մի խուց։ Երկու դիմակավորված տղա էին և այստեղի ՊՊԾ-ի պետը։ Այդ տղան մոտեցավ ու Ասկերանի ոստիկանության պետը, որի անունը Արթուր է՝ մարտակերտցի է։ Հայհոյանքներով՝ այ սենց, այ նենց, բայց մայր չէին հայհոյում։ Այնտեղ չեն հայհոյել, բայց «Ուազում» հայհոյում էին։
Նստում եմ մի տախտակե մահճակալի վրա։ Ասկերանի բաժնի պետը մի պահ ականջիս խփում է։ Ես «Ուազում» զգուշացրել էի, որ երկամներիս չխփեն, քանի որ հիվանդություն ունեմ։ Ասացի՝ հետո ձեզ համար է վատ լինելու, որ հետս բան լինի։ Ականջս սկսում է ծվվալ, հետո ՊՊԾ-ի պետն է խփում, ու այդ պահին թուլանում եմ, գլուխս պտտվում է։ «Արա, քիչ դերասանություն արա, վեր կաց, կանգնի», ասում են։ Ասում եմ՝ ինչո՞ւ եք խփում։ Ասում են՝ դուրս ես եկել հայհոյել։ Ասում եմ՝ այնքան մարդ այնտեղ, կարո՞ղ ես ապացուցել, որ հայհոյել եմ։ «Լսի՛ր, քեզ ինչ եմ ասում», ու խփում են։
– Ո՞վ է դա ասում։
– ՊՊԾ-ի պետը՝ Բորիսը Ջալավյան։ Կամաց-կամաց հիշում եմ։ Գլխիս էնքան խփեցին, խառնվել էի։ Ձայնն էլ բարակացրած էր խոսում, գիտի, որ ճանաչում եմ։ Ասացի, որ քեզ ճանաչում եմ, դու էլ իմ եղբորը գիտես, եղբայրս էլ հորդ գիտի։ Դրանից հետո էլ չի խփել։ Մյուսն էլ չի խփել։ Թեկուզ դիմակը հագս էր, բայց ես բոլորին ճանաչում էի։ Ուզում էին այնպես ծեծել, որ ես իրենց չճանաչեի։
– Հետո՞ ինչ եղավ։
– Գիշերը քնում եմ այնտեղ, առավոտյան Ասկերանի ոստիկանության պետ Արթուրն է գալիս, թե՝ հը՞, խելքի՞ ես եկել, կուզե՞ս քեզ դավաճան ճանաչեն։ Ասում եմ՝ որպես ի՞նչ, ինչի՞ համար։ Ասում է՝ երկրի նախագահից ես խոսում, հանաքներ ես անում։
Բայց դե ինձ դրա համար չեն բռնել։ Հարցնում է մասնագիտությունս, ասում եմ՝ երեսպատող վարպետ եմ, էլեկտրիկ եմ։ Ասում է՝ դու քո գործը գիտես, նախագահն էլ իր գործը գիտի։ Չեմ ուզում խոսել, քանի որ խփելու են, խցիկի մեջ եմ։ Ասում է՝ «քեզ տուն ենք տանելու, բայց որ գնաս տուն, մի հատ կասես՝ ժողովուրդ, էլ դուրս չգաք»։ Ասում եմ, որ խոսեմ, ժողովուրդը հասկանալու է՝ ինձ բռնել եք։ Ասում է՝ «Էսա գնալու ես տուն»։ Բայց երկու ժամ սպասում եմ։ Զուգարանի կարիք ունեի, բաց չեն թողել, շիշ են տվել։ Կներեք, որ դա պատմում եմ։ Սոված էի այդ ամբողջ ընթացքում, ժամը 12-ին ուտելիք բերեցին։ Հարցրեցի՝ ի՞նչ է լինելու։ Ժամը երեքն է դառնում, չորսն է դառնում․․․ գիշերվա մեկն է դառնում․․․ մեկ անց կես հասնում եմ տուն։ Գլխիս դիմակ են հագցնում, ձեռքերս կապում ու տանում։ Մեծ եղբայրս մեր տանն էր։ Պարզվում է, որ զանգել են ոստիկանություն, ԱԱԾ, տեղս չգիտեին․․․
Դավիթ Մինասյանին այսօր ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ