ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Երևանում տրանս կնոջ սպանության դեպքի առնչությամբ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարություն է տարածել Երևանում տրանս կնոջ սպանության դեպքի առնչությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Պաշտպանի աշխատակազմում իրականացվում է սոցիալական ցանցերում ատելության խոսքի տարածման մշտադիտարկում Արմավիրի մարզի 28-ամյա բնակչի սպանության դեպքի առնչությամբ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն նախօրեին մամուլում տարածված` Արմավիրի մարզի 28֊ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ։ Գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններին դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։

Հաշվի առնելով այն, որ ըստ մամուլի տեղեկությունների` սպանվածը տրանս կին է՝ Պաշտպանն ընդգծում է. իրավասու մարմինների կողմից գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք է արժանանա այն հանգամանքը, թե արդյոք սպանությունը տեղի է ունեցել տուժողի գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության շարժառիթով։

Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ սոցիալական ցանցերում տարածվում է ատելության խոսք, արդարացվում է սպանությունը՝ հաշվի առնելով տուժողի տրանս կին լինելու հանգամանքը։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խիստ դատապարտելի է ցանկացած հիմքով ատելության խոսքի և բռնության կոչերի տարածումը, որը լուրջ վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի տեսանկյունից և կարող է հանգեցնել ատելության հիմքով հանցանքների կատարմանը։

Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները երաշխավորում են բոլորի հավասարությունն օրենքի առջև և բոլոր քաղաքացիների պաշտպանությունը ցանկացած տեսակի բռնությունից կամ դրա սպառնալիքից»,- ասված է հայտարարությունում։

***

Օգոստոսի 20-ին, ժամը 17.04-ին, Ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Երևանի Կողբացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում հրդեհ է: Նշված հասցե մեկնած Փրկարար ծառայության աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են դիակ, որի վրա կտրած-ծակած վնասվածքներ են հայտնաբերվել։ Պարզվել է՝ մահացածը Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչ է։ Ըստ նախնական տվյալների՝ 26-ամյա երիտասարդը սուր ծակող-կտրող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամյա քաղաքացուն՝ պատճառելով մահ, այնուհետև հետքերը թաքցնելու նպատակով հրդեհել է բնակարանը։

Դեպքից հետո տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը հայտնել է, որ սպանվածը տրանսգենդեր անձ է։

Հանցագործության մեջ կասկածվողը օգոստոսի 21-ին, ժամը 02.40-ին հայտնաբերվել է Բավրայի սահմանային անցակետում և տեղափոխվել Ոստիկանության Կենտրոնական բաժին։

Մեկնաբանել