«Բեսպրեդել». Օսկանյանի փաստաբանը` դատախազի նախաձեռնության մասին

Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը «բեսպրեդել» է համարում Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնությունը:

«Եթե քրեական գործի նյութերում առկա են այն տեղեկությունները, որոնք հայտնի են նաև ինձ և պարոն Օսկանյանին, ապա քրեական հետապնդումը Վարդան Օսկանյանի նկատմամբ ոչ այլ ինչ է, եթե ոչ «բեսպրեդել»: Գործում է ստալինյան սկզբունք՝ մարդ լինի, հոդված կգտնենք»,- ասաց նա:

Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:

Մայիսի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը «փողերի լվացման» հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որն առնչվում է Վարդան Օսկանյանին և նրա հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամին:

Մեկնաբանել