Հայաստանում է Կանզաս նահանգի ազգային գվարդիան

Հայաստան-Կանզաս նահանգային համագործակցության ծրագրի շրջանակում սեպտեմբերի 24-ից 28-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար-ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությունը. այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից:

Այցի ընթացքում Կանզասի պատվիրակությունն այցելել է ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական» կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության համակարգմամբ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ինժեներական գումարտակի ականազերծման հրահանգիչների համար անցկացվող վարժանքի վայր, ամերիկյան շարժական դաշտային հոսպիտալի բացազատմամբ անցկացվող զորավարժության վայր: Նշված այցերի ընթացքում Կանզասի պատվիրակությունը դիտարկել է Կանզասի ազգային գվարդիայի հրահանգիչների կողմից անցկացվող ականազերծման հրահանգիչների վարժանքը, ինչպես նաև ներկա է գտնվել շարժական դաշտային հոսպիտալի զորավարժության վերջնական փուլին: 

Ականազերծման վարժանքի ընթացքում ներկաներին ցուցադրվել է ականադաշտի մաքրման աշխատանքների կազմակերպման տարրեր: Բժշկական զորավարժության ընթացքում ցուցադրվել են շարժական դաշտային հոսպիտալի բուժանձնակազմի կողմից մարտադաշտում վիրավորվածներին առաջին օգնության ցուցաբերման և օդային տարհանման տարրեր: Բժշկական զորավարժությանը մասնակցել են նաև Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչներ:

Այցի ընթացքում գեներալ-մայոր Լի Թաֆանելիին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը:

Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարը, անդրադառնալով Հայաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցությանը, բարձր է գնահատել Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողների հետ անցկացված վարժանքների ընթացքում հայ զինծառայողների պատրաստության և փոխգործակցելիության մակարդակը: Կողմերը կարևորել են նաև 2013թ.-ին Հայաստան-Կանզաս նահանգային համագործակցության 10-ամյակը նշելու անհրաժեշտությունը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հետ կայացած հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Ելնելով համագործակցության ներկայիս մակարդակից, ինչը թույլ է տալիս ներկայումս իրականացնել Հայաստան-Կանզաս համագործակցության երկարատև պլանավորում, այցի ընթացքում մշակվելու է Հայաստան-Կանզաս 5-ամյա համագործակցության պլան:

ԱՄՆ նահանգային համագործակցության ծրագրի շրջանակում Կանզասը հանդիսանում է Հայաստանի գործընկեր նահանգը 2003թ.-ից, որի շրջանակներում համագործակցություն է իրականացվում ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ Կանզասի նահանգի ազգային գվարդիայի միջև: