Երևանի ավագանու ընտրություններն ուղեկցվում են վարչական ռեսուրսի խնդրահարույց օգտագործմամբ, ձևավորվել է անհավասար մրցակցային միջավայր, առնվազն հանրային տեսանելիության առումով իշխող ուժի թեկնածուն ստացել է ակնհայտ առավելություն։ Երևանի ավագանու ընտրությունների ընտրարշավի առաջին օրը՝ օգոստոսի 23-ին, հրապարակած տեղեկանքում հայտարարել է «Ականատես» դիտորդական առաքելությունը։ Դիտորդական առաքելության մաս են կազմում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամը և «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամը։
Դիտորդական առաքելությունը առանձնացրել է վարչական ռեսուրսի օգտագործման մի շարք դրսևորումներ։ Կառավարության նիստերում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի ներկայությունը, նրա համակարգման ներքո գտնվող ոլորտների առատությունն ու քաղաքապետարանի՝ գործակարգավարական նիստերը վարելու համար կատարված իրավական փոփոխությունները, ըստ դիտորդական առաքելության, հստակորեն միտված են եղել ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի գործունեության լրացուցիչ լուսաբանմանը, երկարաժամկետ քարոզչության միջոցով առավելություն ստանալուն։
Ըստ «Ականատես»-ի՝ Տիգրան Ավինյանի կողմից եղել են գործողություններ, որոնք ընտրությունների նախաշեմին կարող են ողջամտորեն ընկալվել որպես նախընտրական քարոզչության դրսևորում։ Այդպիսին է երգիչ Ֆորշին քաղաքապետարանի կողմից բնակարան նվիրելը այն դեպքում, երբ 2018-ից հետո արվեստի գործիչներին նման հանդիսավորությամբ նվերներ չէին տրվել, և հասկանալի չէր՝ ինչ չափանիշներով էր ընտրվել այդ որոշումը։
Դիտորդական առաքելությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել փաստին, որ ընտրությունների նախաշեմին կառավարությունը կրկնապատկել է Երևանի քաղաքապետարանի հատկացումները. «2023 թվականի գարնանը ՀՀ կառավարությունը կտրուկ՝ ավելի քան 100%-ով ավելացրել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորումը՝ մոտ 10 մլրդ դրամից հասցնելով մոտ 20,6 մլրդի։ Սա խնդրահարույց է այն պարագայում, երբ ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունների համաձայն, 2020-2022թթ․ ՀՀ կառավարությունը նվազեցրել էր Ազգային ժողովի կողմից պետական բյուջեով Երևանի քաղաքապետարանին կատարված հատկացումները (2020-ին՝ 433,5 մլն, 2021-ին՝ 1,778,3 մլն, իսկ 2022-ին՝ 369,4 մլն ՀՀ դրամով)։
Այս հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ լրացուցիչ հատկացումն արվել է Երևանի ավագանու ընտրություններում հանրային համակրանքը հօգուտ իշխող քաղաքական ուժի ուղղելու և նրա համար մրցակցային առավելություն ապահովելու համար»,- նշված է դիտորդական տեղեկանքում։
Իշխող ուժը նաև երիտասարդներին շահագրգռելու գործողությունների է դիմել, ըստ «Ականատես»-ի։ Որպես նման օրինակ վկայակոչվում են քաղաքապետին կից «Երիտասարդության հարցերի խորհրդի» ձևավորման աշխատանքները՝ քաղաքապետի ընտրությունից երկու ամիս առաջ։
Մինչդեռ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի գործունեությունը դադարեցվել էր հենց նույն կառավարիչների կողմից՝ Հայկ Մարությանին պաշտոնից հեռացնելուց մի քանի ամիս անց՝ այն պատճառաբանությամբ, թե նման խորհրդի իմաստն անհասկանալի է: Հետագայում երկար ժամանակ որևէ քայլ չէին արվել խորհուրդը վերականգնելու ուղղությամբ: Տպավորություն է ստեղծվում, որ ընտրությունների նախաշեմին որոշվել է տվյալ խորհուրդը ծառայեցնել որպես քարոզչագործիք:
Դիտորդական առաքելությունը առանձնացրել է նաև Հանրային հեռուստաընկերությամբ Երևանի քաղաքապետի տեղակալ Ավինյանի լուսաբանման պարբերականության հարցը՝ նշելով, որ Երևանի քաղաքապետի մյուս տեղակալների, մյուս համայքապետերի ու նրա տեղակալների լուսաբանան ինտենսիվությունը էականորեն տարբերվել է Ավինյանին լուսաբանելուց։
«Ականատես»-ի տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ ։