Օգոստոսի 23-ին մեկնարկեց Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք։ Քարոզարշավը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 15-ը՝ ժամը 24:00-ն։ Սեպտեմբերի 16-ը լռության օր է, իսկ սեպտեմբերի 17-ին կանցկացվեն ընտրությունները։ Ընտրության իրավունք ունեցող երևանցիները թիվը 823 559 է։
Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում ընտրություններին։ Միայն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանն է հայտարարել, որ առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու: Նա գլխավորում է «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը, որը ձևավորվել է «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունների միավորմամբ։
Ստորև ներկայացվում են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, քաղաքապետի թեկնածուները ու կարգախոսները՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված հերթական համարների։
1 «Հանրային ձայն» կուսակցություն
Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արտակ Գալստյանն է։ Նա այժմ կալանավորված է՝ խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։ «Հանրային ձայն»-ը ընտրություններին մասնակցում է՝ «Հանրային ձայնը քո ձայնն է» կարգախոսով։ Կուսակցության ցուցակում ընդգրկված է 46 անձ։
2 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
ՔՊ-ի ցուցակի առաջին համարը Երևանի գործող փոխքաղաքապետ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։ Կուսակցության կարգախոսն է՝ «Ասե՛ք, կանե՛նք»։
«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը կազմված է 181 անձից։ Ցուցակի գերակշիռ մասը պաշտոնյաներ են ու տարբեր պետական մարմինների աշխատակիցներ՝ 101 անձ։ Այս ցուցակում ներկայացված են նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարները։ Իգական սեռի ներկայացուցիչները ցուցակում 61-ն են, գործազուրկները՝ 17-ը, 25-ը գործարար ոլորտից են՝ հիմնականում տարբեր ընկերությունների տնօրեններ, մանկավարժները՝ 8-ը։ Ցուցակում քիչ չեն նաև ԱԺ պաշտոնյաները՝ փորձագետներ, ԱԺ նախագահի ռեֆերենտ, աշխատակազմի ղեկավարի կամ պատգամավորի օգնականներ։
3 «Արդար Հայաստան» կուսակցություն
«Արդար Հայաստանի» քաղաքապետի թեկնածուն փաստաբան Նորայր Նորիկյանն է, կուսակցության կարգախոսն է՝ «Վստահի՛ր, հավատա՛, փոխելո՛ւ ենք․․․»։ Ցուցակը կազմված է 33 հոգուց։
4 «Հաղթանակ» կուսակցություն
Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն է, կարգախոսն է՝ «Մարդամոտ քաղաք»։ Ուշագրավ է, որ կուսակցությունը ներկայացրել է 24 հոգանոց ցուցակ, մինչդեռ ընտրություններում 50 տոկոս հավաքելու դեպքում քաղաքական ուժը ստանալու է 33 մանդատ։
Քաղաքացիները ընտրում են ոչ թե քաղաքապետ, այլ ավագանի, ավագանին էլ իր կազմից ընտրում է քաղաքապետին։ Երևանի ավագանին կազմված է 65 անդամից։
5 «Ուժը հայրենյաց» կուսակցություն
Տիգրան Արզաքանցյանի «Ուժը հայրենյաց» կուսակցության առաջին համարը Նելլի Հարությունյանն է, երկրորդը՝ Նատալյա Ռոտենբերգը։ Կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «Երևանցու կամքով՝ հանուն Երևանի» կարգախոսով։ «Ուժը հայրենյացի» ցուցակում ընգրկված է 48 անդամ։
6 Հայաստանի եվրոպական կուսակցություն
«Հաղթանակ» կուսակցության նման Եվրոպական կուսակցությունը ևս ներկայացրել է 24 հոգանոց ցուցակ, որը գլխարում է Տիգրան Խզմալյանը։ Այս ուժի կարգախոսը համահունչ է կուսակցության անվանը՝ «Մաքուր Երևան․ մենք կատարում ենք Հայաստանի և Երևանի եվրոռեմոնտ»։
7 «Ազգային առաջընթաց» կուսակցություն
«Ազգային առաջընթացը» ներկայանում է Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանով, նա 70 հոգանոց ցուցակի առաջին համարն է։ Կուսակցության կարգախոսն է՝ «Շարունակենք, որովհետև բոլորիս պետք է»։
Այս ցուցակում գերակշռողը գործազուրկներն են՝ 38 հոգի, նման նշում է արել նաև հենց ինքը՝ Մարությանը։ Մյուսները հիմնականում գործարար դաշտից են․ 20 անձ տարբեր ընկերություններում ունեն պաշտոններ, հիմնականում տնօրեններ են ու անհատ ձեռնարկատերեր։ Քիչ չեն նաև առողջապահության ոլորտի աշխատողները, կան դասախոսներ։
Ցուցակի երկրորդ համարը «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ, իրավաբան Հայկ Գրիգորյանն է։ Առաջին կին ներկայացուցիչը Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն է, նրան հաջորդում է ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը, նրանք երկուսն էլ Հայկ Մարությանի թիմից են։
8 «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արմեն Ղուկասյանն է, նա Sputnik Արմենիա լրատվական գործակալության փորձագետ է։ Ներկայացված է 28 հոգանոց ցուցակ, կարգախոսն է՝ «Դու կարո՛ղ ես»։
9 «Հանրապետություն» կուսակցություն
«Հանրապետության» ցուցակը գլխավորում է արդարադատության նախկին նախարար, իրավաբան Արտակ Զեյնալյանը։ Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Իմ Երևանն ես․․․» կարգախոսով, ցուցակում ընդգրկված է 68 մարդ։
10 «Միացյալ Հայաստան» կուսակցություն
Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Երվանդ Թարվերդյանն է, նա «Արարատ ֆիշ» ընկերության տնօրենն է։ «Միացյալ Հայաստանի» կարգախոսն է՝ «Սիրտդ տուր Երևանիդ»։ Կուսակցությունը ներկայացրել է 32 հոգանոց ցուցակ։
11 «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Լուսավոր Հայաստանի» 50 հոգանոց ցուցակը գլխավորում է գործող ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Կուսակցության կարգախոսն է՝ «Առաջ նոր շնչով»։
12 «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Պետական կառավարման ակադեմիայի դասախոս Սուրեն Պետրոսյանն է։ Նա 2022-ի օգոստոսին ընտանիքի հետ միասին մեկնել էր Աղավնո՝ թույլ չտալու գյուղի անցումը Ադրբեջանին։ Նույն ամսին ադրբեջացիները վերահսկողություն սահմանեցին Աղավնոյի նկատմամբ։ Կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «Պայքարիր Երևան» կարգախոսով։
13 «Ապրելու երկիր» կուսակցություն
«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը, իսկ երկրորդ համարը Մեսրոպ Առաքելյանն է։ Ցուցակն ունի 129 ներկայացուցիչ։ Կանայք այս ցուցակում 53-ն են, իսկ գործարար դաշտի ներկայացուցիչները՝ 47-ը, գործազուրկները՝ 36-ը։ Ցուցակում 11 անձ դասախոսներ են կամ ուսուցիչներ։ Կուսակցության կարգախոսն է՝ «Փոխենք ապագան»։
14 «Մայր Հայաստան» դաշինք
«Մայր Հայաստանի» քաղաքապետի թեկնածուն ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանն է։ Դաշինքը կենտրոնացել է ոչ թե քաղաքային, այլ քաղաքական և անվտանգային խնդիրների վրա: Ձգտում է վերցնել իշխանությունը Երևանում՝ դա դիտարկելով երկրում ամբողջական իշխանափոխության մեկնարկ: Դաշինքի կարգախոսն է՝ «Միացի՛ր, որ փոխենք», ցուցակում ընդգրկված է 41 անձ։
Հակոբ Ասլանյան