Հենց եվրոպական կառույցներն են նահանջում իրենց դավանած արժեքներից. Ն.Զոհրաբյանը` Շ.Ֆյուլեին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր հանդիպել են ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակության հետ. այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:

Ողջունելով հյուրերին` Արտակ Զաքարյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած է, և Հայաստանի խորհրդարանը ևս իր գործառույթների շրջանակում ակտիվորեն մասնակցում է իրականացվող համատեղ աշխատանքներին: «Եվ Արևելյան գործընկերության և Նոր հարևանության ծրագրի շրջանակներում մենք շահագրգիռ ենք եվրաինտեգրմանը` մասնավորապես Ասոցիացման համաձայնագրի, խորը և համապարփակ ազատ առեւտրի գոտու, ռեադմիսիայի և մուտքի արտոնագրի դյուրացման հարցերում»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Կողմերն անդրադարձել են նաև Եվրամիության և նրա համապատասխան կառույցների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական հասարակության կառույցների հետ գործնական ծրագրերի իրականացման խնդրին ` մասնավորապես հաշվի առնելով նրանց կրթական, սոցիալական, մշակութային և այլ պահանջմունքները:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կարևորել է Հայաստանի խորհրդարանի ներգրավումը «CIB» ծրագրին, որը լրացուցիչ օժանդակություն կլինի Ազգային ժողովի կարողությունների զարգացման համար:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Արտակ Զաքարյանը նշել է, որ Եվրամիությունն իր հայտարարություններով ավելի հասցեական պետք է դարձնի իր վերաբերմունքը հակամարտող կողմերի` տվյալ դեպքում Ադրբեջանի նկատմամբ: Նշվել է, որ Ադրբեջանի գործողությունները պետք է գնահատվեն ավելի իրական և ոչ թե հավասարակշռող հայտարարություններով: Ըստ հանձնաժողովի նախագահի` յուրաքանչյուր հավասարակշռող հայտարարություն Ադրբեջանին հնարավորություն է տալիս խուսափել պատասխանատվությունից և շարունակել իր ապակառուցողական ու տարածաշրջանի անվտանգությունը խաթարող գործողությունները:

Խոսելով տարածաշրջանային խնդիրներից` ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ շատ դեպքերում եվրոպական կողմի կիրառած երկակի ստանդարտներն են եղել պատճառը, որ Ադրբեջանի իշխանությունն այսօր արհամարհի եվրոպական արժեքները: Որպես օրինակ` Նաիրա Զոհրաբյանը նշել է Եվրանեսթի երկրորդ լիագումար նիստը Բաքվում, որտեղ ի պատասխան Ադրբեջանի նախագահի ֆաշիստական ելույթի` եվրոպական բաղադրիչը, ըստ էության, լուրջ հակադարձում չարեց Ալիևի ելույթին:

Նա ցավով նշել է, որ վերջին շրջանում ինքը` որպես միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, նկատում է, որ եվրոպական կառույցները հենց իրենք են հետ նահանջում իրենց իսկ դավանած արժեքներից, և Ադրբեջանին հաջողվում է իր «խավիարային» դիվանագիտությամբ և նավթադոլարներով եվրոպական հեղինակավոր կառույցներում մթնոլորտ փոխել:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Շտեֆան Ֆյուլեն կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանը շատ ակտիվ է բարեփոխումների իրականացման ճանապարհին: Նրա խոսքերով` Հայաստանը առաջանցիկ տեմպերով մասնակցում է եվրոպական ինտեգրման գործընթացին և բարեփոխումներն արդեն տալիս են շոշափելի արդյունքներ: ԵՄ հանձնակատարը Ասոցիացման համաձայնագրի բանակցային գործընթացը գնահատել է բավականին խոստումնալից: Նրա կարծիքով` Արևելյան գործընկերության և Նոր հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի վարած բարեփոխումային քաղաքականությունը բավականին հաջողված է և պարբերաբար արժանանում է Եվրամիության կառույցների գնահատանքին:

Մեկնաբանել