Մենք շատ մոտ ենք բոլոր կարևոր հարցերը համաձայնեցնելուն. Շ.Ֆյուլե

Մեզ պետք է խաղաղություն ու կայունություն, որպեսզի Երևանը կարողանա լիարժեք օգտագործել իրեն առաջարկվածը` ավելի մերձենա ԵՄ-ին. «Հ1» հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսօր նշեց ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Խաղաղություն պետք է ոչ միայն ԵՄ-Հայաստան բարեփոխումների իրականացման համար, այլև, որովհետև Հայաստանին կանխատեսելիություն ու կայունություն է պետք: Խաղաղությունը միակ ճանապարհն է, այլընտրանք պարզապես չկա: Ես գիտեմ, որ կարող եմ հայերի վրա հույս դնել: Գիտեմ, որ հայերը եռանդուն կերպով կաշխատեն այդ ուղղությամբ»,- ասաց նա:

Այս ընթացքում, ըստ Ֆյուլեի, ամենամեծ առաջընթացն ու ձեռքբերումն այն է, որ հիմնական նպատակի շուրջ Հայաստանում և ԵՄ-ում կա համաձայնություն: «Ասոցացման համաձայնագրին զուգահեռ մենք սկսել ենք ավելի շատ կարևոր համաձայնություններ ձեռք բերել. դրանք չեն վերաբերում միայն ազատ առևտրին: Եվրամիության իրավական կարգավորումների մի զգալի մասը հնարավորություններ է բացում հայկական ներքին շուկայի համար: Այդ բանակցություններն անդրադառնում են տնտեսական ու քաղաքական խնդիրների. այդ առումով լավ առաջընթաց կա: Կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք համաձայնեցնելու բոլոր կարևոր հարցերը: Ազատ առևտրի հարցի շուրջ մենք սկսել ենք բանակցությունները մայիսին: Բրյուսելն ու Երևանը պատրաստ են փոփոխությունների. ինչքան շուտ, այնքան` լավ»,- նշեց նա:

Որպես նախապայման` Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին ի պատասխան Ֆյուլեն ասաց. «Միությունը` Եվրոպական նախագիծը վերաբերում է հաշտեցմանը, և ոչ անցյալին, վերաբերում է պետությունների միջև դժվարությունների հաղթահարման ուղի գտնելուն: Անցյալի սխալների համար ներողությունն ինչպիսին էլ այն լինի, նախապայման չի եղել, և դրա նախադեպն էլ չկա, բայց դա չի նշանակում, որ այն կարևոր չէ. շատ կարևոր է, և այդ հարցին մենք անդրադառնում ենք: Այդ հարցի լուծման լավագույն ուղին այն է, որ պատմաբանները մտածեն ու քննարկեն և հնարավորություն տան քաղաքական գործիչներին գնահատական տալ»:

Անդրադառնալով սաֆարովյան թեմային` Ֆյուլեն կրկնեց իր դիրքորոշումը. «Դա հիմնախնդիր է, ես խորապես հարգում եմ հայերի կարծիքն ու մտածումներն այդ մասին: Ես նաև իմ կարծիքն եմ ասել տարբեր քննարկումների ընթացում: Ես նաև իմ ափսոսանքն եմ հայտնել այն մասին, թե ինչ վնաս է պատճառվել Ղարաբաղյան հարցի խաղաղ բանակցությունների ընթացքին: Բայց ամենակարևորն այն է, թե ինչ վնաս է հասցվելու մարդկանց ու ժողովուրդների վստահությանը: Իսկ այդ ամենը տեղի է ունենում Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի կատարման ընթացքում. ծրագիր, որի հիմքում կատարյալ արժեքներ են դրված»:

Մեկնաբանել