Օսկանյանի հարցը կքննարկվի արտահերթ կարգով․ Հովիկ Աբրահամյան

«Վարդան Օսկանյանի հարցը կքննարկվի ըստ կանոնակարգ օրենքի։ Մենք պետք է լսենք դատախազի զեկույցը և նոր որոշում կայացնենք Ազգային ժողովում»,– ՀՀԿ նիստի ավարտին eMedia.am–ի և Aravot.am–ի հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Աբրահամյանը տեղեկացրել է, որ հարցը քննարկվելու է երկուշաբթի՝ արտահերթ կարգով։ Ըստ նրա՝ ՀՀԿ այսօրվա նիստում Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդությունը և դրանից բխող հետագա քայլերը չեն քննարկվել:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: