Շարունակում եմ հավատարիմ մնալ իմ քաղաքական գծին

Գլխավոր դատախազը ԱԺ-ին միջնորդագիր է ներկայացրել Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ ԱԱԾ-ի կողմից «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում որպեղ մեղադրյալ ներգրավելու համար: Այս թեմայով ՍիվիլՆեթը զրուցել է Վարդան Օսկանյանի հետ:

-Պարոն Օսկանյան, երբ «փողերի լվացման» հատկանիշներով ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց, Դուք հայտարարեցիք, որ դա քաղաքական պատվեր է: Դուք հիմա՞ էլ շարունակեում եք պնդել, որ դա քաղաքական պատվեր է:

-Որ այս քայլը արվել է, դրա վառ ապացույցն է: Ճիշտ է, այն պահին, երբ ես ասացի, որ սա քաղաքական պատվեր է, ես միաժամանակ լուրջ չէի ընդունում այս ամենը, որովհետև քաջատեղյակ եմ, որ իմ գործընկերները հիմնադրամում ինչքան թափանցիկ և ինչքան ազնիվ են աշխատում: Առավել ևս, որ այն գումարների մասին, որ խոսվում է, դրա նվիրատուն ամբողջապես տեղյակ է, թե այստեղ ինչ է կատարվում, մենք նրա հետ կապի մեջ ենք: Հիմնադրամը ունի խորհուրդ, որը նույնպես տեղյակ է, որ ամեն ինչ թափանցիկ է արվում: Այնպես որ, ինձ համար շատ տարօրինակ էր, թե իշխանություններն ինչ են մտածում, ինչպես են հիմնավորելու: Դրա համար էլ այդքան լուրջ չէի ընդունում։ Բայց միանաշանակ է, որ քաղաքական  պատվեր է և այսօր դա ապացուցվեց: Կարծում եմ, որ այսօր որևէ մեկի մոտ կասկած չկա, որ այս ամենը քաղաքական հետապնդում է:

-Այսինքն՝ չէի՞ք սպասում, որ բանը կհասնի Ձեզ անձեռնմխելությունից զրկելու հարցին:

-Իհարկե, ես ոչինչ բացառում, նայած թե իշխանություններն ինչպիսի հաշվարկներ են անում, ինչպիսի ենթադրություններ ունեն: Չմոռանանք, որ առջևում նախագահական ընտրություններ են, և մտել ենք այդ փուլը: Անկախ նրանից, թե ինչ ենթադրություններ ու ակնկալություններ կան, այս որոշումն արդեն կայացվել է: Ես միանշանակ հետևյալը կարող եմ ասել, որ եթե իշխանությունների նպատակը եղել է ինձ լռեցնելը, որ ես չքննադատեմ այսօրվա իրավիճակը, իշխանությունների՝ բոլոր ուղղություններով ձախողումները, ապա այդ հաշվարկներում միանշանակորեն սխալվել են, որովհետև քննադատությունը երբեք ինձ մոտ ինքնանպատակ չի եղել, քննադատությունը ինչ-որ հաշիվների հետ կապված չի եղել: Իմ քննադատության միակ նպատակն է, որ երկրում կարողանանք հասնել իսկական փոփոխությունների, քաղաքական մթնոլորտը բարելավել, և այդ ամենից ժողովուրդը օգուտ ստանա: Քաղաքականություն մտնելու իմ որոշման պատճառը դա է եղել, և այսօր, երբ իշխանություններն արդեն այս որոշումը կայացրել են, կարող եմ ասել, որ այդ վճռականությունն ինձ մոտ ավելացել է, հակառակ, որ այս հարթությունը ինձ համար քաղաքական պայքարի ցանկալի հարթություն չէ, բայց ասեմ, որ այս հարթության վրա էլ պատրաստ եմ պայքարել մինչև վերջ, որովհետև ինձ մոտ երբեք շեղումներ չեն լինելու իմ որդեգրած ճանապարհից և ուղղությունից։ Անկախ նրանից, թե ինչպիսի մեթոդներ կօգտագործվեն, ես շարունակում եմ մնալ իմ քաղաքական գծին հավատարիմ:

– Այսինքն չե՞ք փոշմանել, որ վերադարձել եք քաղաքականություն և շարունակել քննադատել իշխանություններին։ Ակնալո՞ւմ էիք, որ այսպես կընթանան իրադարձությունները։

– Հետաքրքրական հարց է՝ փոշմանել եմ, թե չէ։ Գիտեք, այս ամենի նպատակն իրոք այն է, որ ես փոշմանեմ քաղաքականություն մտնելու ու ընդդիմադիր դիրքերում լինելու համար։ Միանշանակ ասեմ՝ չեմ փոշմանել։ Սա ինձ համար ինքնանպատակ չի եղել, ինձ համար խնդիր է եղել երկրում ինչ-որ բան փոխել։ Ես ուզում եմ հավատալ, որ իշխանություններն են փոշմանելու ի վերջո, որովհետև իրենց որոշումն այս հարցում իսկապես սխալ է։ Այս պայքարում կարծում եմ՝ արդարությունը վերջիվերջո գերիշխելու է և բոլորը հասկանալու են, թե ով ինչ նպատակ է հետապնդել։ Իմ նպատակն առաջին իսկ օրվանից եղել է բարի, եղել է ի օգուտ երկրի, որովհետև տեսել եմ, որ այս երկրում մեծ անարդարություններ են եղել։ Ես անցել եմ այդ ճանապարհով։ Երկրում իսկական փոփոխությունների կարիք կա՝ և՛ քաղաքական, և՛ սոցիալական, և՛ տնտեսական։ Եթե մենք չպայքարենք դրանց համար, առավել խորանալու են խնդիրները։

Երկիրն այսօր թաղված է անարդարության մեջ, կաշառակերության մեջ, կեղեքումների մեջ։ Սրա մասին արդեն իշխանություններն են խոսում։ Նախագահի վերջին ելույթը կառավարությունում, և դրան հաջորդած բոլոր ելույթները այս մասին են վկայում, որ երկրում մեծ խնդիրներ կան և այդ խնդիրները մենք պետք է փորձենք ուղղել: Այդ երևույթների դեմ պետք է պայքարել։

Գիտեք, երբ իրոք զգում ես, որ երկիրը թաղված է այս ամենի մեջ, հարց է ծագում՝ արդյոք Սիվիլիթասի գործունեությունը, Սիվիլիթաս եկած մասնավոր գումարները և ոչ՝ ժողովրդի փողերը… բյուջեի փողեր չեն, սրանք մասնավոր գումարներ են, մասնավոր նվիրատու նվիրաբերել է Սիվիլիթասին: Եվ այսօր պետությունը եկել և միջամտում է, փորձում է ինչ որ արդարություն հաստատել, ուզում է Սիվիլիթասի շահերը պաշտպանել, երբ մեր հասարակության շահերը, ժողովրդի շահերը ամեն օր ոտնակոխ են լինում հենց իրենց կողմից, երբ ժողովրդի չունեցած փողերն են կեղեքվում այսօր, մեծ չարաշահումներ են տեղի ունենում։ Այդ բոլորը թողած՝ եկել են ու փորձում են Սիվիլիթասում արդարություն հաստատել։ Իսկապես հարց է առաջանում՝ մի՞թե Սիվիլիթասն ու Օսկանյանն են այսօր Հայաստանի անարդարության և կաշառակերության դրսևորումը, մի՞թե Սիվիլիթասն ու Օսկանյանն են այսօր Հայաստանի ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքը։

Զրուցեց Գայանե Սելիմյանը