Պիկետ դատարանի մոտ. «Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին»

ՀԱԿ ակտիվիստների գործով վերաքննիչ առաջին դատական նիստը նշանակված է վաղը`սեպտեմբերի 28-ին ժամը 12-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 4-րդ դահլիճում: Դատարանի շենքի մոտ կազմակերպված է պիկետ. այս մասին տեղեկանում ենք Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին նախաձեռնություն-ից:

Հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով, Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Մյուս ակտիվիստներից Արտակ Կարապետյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:

Նախաձեռնության անդամները հայտարարում են, որ Առաջին ատյանի դատարանի հրապարակած դատավճիռը կրում է քաղաքական բնույթ, այն պատվիրված է հենց Բաղրամյան 26–ից՝ երիտասարդների նկատմամբ վրեժխնդրության և նրանց թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական ակտիվությունը զսպելու նպատակով:

«Պահանջում ենք

  1. Արդարացնել Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստներին՝ Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գևորգյանին
  2. Ազատ արձակել Տիգրան Առաքելյանին
  3. Պատժել երիտասարդների և նրանց փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին։
  4. Պատասխանատվության ենթարկել կեղծ ցուցմունքներ տված ոստիկանության ծառայողներին, կեղծ ցուցմունքի դրդչություն կատարած պաշտոնատար անձանց»,- նշում են նրանք:

Այս դատավճիռը, ըստ նախաձեռնության անդամների, ոչ միայն կոնկրետ քաղաքական ուժերի, այլ ընդհանրապես ՀՀ՝ իրենց ներկայով ու ապագայով մտահոգ բոլոր երիտասարդների խնդիրն է: Ռեժիմը սրանով ձեռնոց է նետում բոլորիս և մենք արժանապատվորեն պետք է ընդունենք այս  մարտահրավերը: Անհնար է ապրել ու ստեղծագործել մի երկրում, որտեղ անարդարությունը չհանդուրժելու և ազատ խոսելու համար յուրաքանչյուր ոք, անկախ տարիքից, կարող է հայտվել բանտում:

Կոչ ենք անում Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին և անհատներին՝ միանալ քաղբանտարկյալների ազատությունը պահանջող բոլոր միջոցառումներին` հետևողականորեն պայքարելով Հայաստանում օրինականությունը և Սահմանադրական կարգը վերականգնելու համար: