Բանակցությունները կարելի չէ պատանդ պահել Ադրբեջանի կամայականություններին. Կ.Մանոյան

«Հունգարիան ցանկանում է անցածը հեչ համարել. իրենք չէին սպասում, որ մեր հայրենակիցների, Սփյուռքի համայնքի գործողությունների արդյունքում իրենք նման, մեղմ ասած, անցանկալի իրավիճակում կհայտնվեին»,- այս կարծիքը հայտնեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց»-ի տաղավարում:

Հունգարիան չէր ակնկալում նման արձագանք, իսկ հիմա թե արտաքին աշխարհի, թե ներքին ճնշումները զգում է, և, ըստ Մանոյանի, ձգտում է իրավիճակը մեղմող ինչ-որ քայլեր կատարել:

Մանոյանը նշեց, որ Հունգարիայի`«առանց նախապայմանների բանակցությունները վերսկսելու» ` Հայաստանին հղած նոտան, Շվեյցարիայի` հարաբերությունները վերականգնելու միջնորդության առաջարկը պաշտոնական դիմումներ են, սակայն արդեն իրավացիորեն մերժվել են, քանի որ «այնպես չէ, որ մենք խոսելու հնարավորություն չունենք, ուղղակի Հունագրիան մի շատ վատ քայլ արեց և հիմա պիտի սրբագրի այն, նոր կխոսենք»: Դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու` Շվեյցարիայի միջնորդությունն ընդունելը, հարաբերությունները վերականգնելու այս նոտան, ըստ նրա, նախնական քայլեր են, որոնցով Հունգարիան ստուգում էր մեր արձագանքը:

Մանոյանն ասաց, որ, այս պահին ոչ միայն առանց նախապայմանների չեն վերականգնվելու Հայաստանի հարաբերությունները Հունգարիայի հետ, այլ ավելին, հայերը` «մասնավորաբար Հայ դատի գրասենյակը» շարունակելու է ճնշումները, քանի որ Հունգարիան պիտի հասկանա, որ «իրոք վիրավորել է մեզ»: Լինելով Հուգարիայում` Մանոյանը նկատել է որ մեծ թվով քաղաքական և հասարակական կազմակերպություններ կան, որ շարունակում են ճնշումներ գործադրել կառավարության վրա: Հունգարիայում` առնվազն սոցիալիստական շրջանակում, ըստ նրա, կշարունակվեն ճնշումները:

Մանոյանի դիտարկմամբ` Հունգարիայի համար Արցախի ինքնորոշման իրավունքի և այդ իրավունքի իրացման ճանաչումը պիտի լինի այն նվազագույն քայլը, որից հետո կարելի պիտի լինի մտածել հաշտության մասին:

Սաֆարովյան գործընթացով Ալիևն, ըստ Մանոյանի, իրականում շատ սխալ հաշվարկ է արել, որի արդյունքում վարկաբեկվեց թե ինքը, թե իր պետությունը: «Կարող է, Ադրբեջանը ընդհանուր առմամբ գոհ է, սակայն Ադրբեջանում հնչեցին նաև բողոքի ձայներ, որ սա հերոսի կերպար չի, սա հերոսի քայլ չէր»,- նշեց նա:

«Բանակցային որևէ առաջընթաց չի լինի, եթե Ադրբեջանը կամ միջնորդ կողմերը Ադրբեջանի այս քայլին համարժեք ձևով չարձագանքեն (խոսքը միայն դատապարտելու մասին չէ): Պետք է շատ խիստ դնեն Ադրբեջանի առջև, որ այս բանակցությունները այս մթնոլորտում այլևս կարելի չէ պատանդ պահել Ադրբեջանի կամայականություններին, և իսկապես որ կարող է միջազգային համայնքը` հանձինս համանախագահող երկրների, Ադրբեջանին ասել, որ` «լավ, չե՞ս ուզում համաձայնել այս սկզբունքներին, որ մենք ներկայացրել ենք, ուրեմն այլևս այլընտրանք չկա` մենք կսկենք առանց քո կամքը հաշվի առնելու քայլեր ձեռնարկել»: Վերջին 100-140 տարիների պատմությունը վկայում է` երբ անկախություն հռչակվել է, միշտ էլ հաղթել է: Եվ մենք տեսել ենք, որ այս կամ այն պետության կամքին հակառակ իրենցից անջատված միավորները այս կամ այն չափով միջազգային ճանաչում ստացել են»,- նշեց Կիրո Մանոյանը: