Սպանել է դիրքի ավագին, հետո ինքնասպան է եղել․ մանրամասներ երկու զինծառայողի մահվան դեպքից

Քննչական կոմիտեն հայտնում է, որ մարտական դիրքում երկու զինծառայողների մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

«2023-ի օգոստոսի 27-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն մարտական դիրքի դիտորդ զինծառայող Ա․ Հ․-ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում»,- ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեից նշում են, որ նախնական տվյալներով կատարվածը կապված է միջանձնային, ոչ կանոնագրքային հարաբերությունների հետ․ «Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»։

Զինծառայողներ Արտյոմ Հայկազյանի և Արմեն Խաչատրյանի մահվան մասին ավելի վաղ հաղորդել էր պաշտպանության նախարարությունը։

Մեկնաբանել