Կոտրել են Մհեր Մկրտչյանի արձանի ձեռքն ու տակառիկը

Երեկ ուշ երեկոյան Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանի ձեռքն ու տակառիկը գտնվել են կոտրված, արձանի առաջ` կտորներն ու փշուրները թափված: Այս բարբարոսությունը պիտի որ նկարահանված լինի, քանի որ  օրեր առաջ տեղադրված Չարենցի արձանի նկատմամբ ոմանք իրենց անշնորհք վերաբերմունքն էին նկարահանել ու համացանցով տարածե, նաև` կոտրել էին Մհեր Մկրտչյանի արձանի մատը, և այս դեպքերը հիմք էին դարձել, որ Երևանի քաղաքապետարանն արձանների մոտ տեսախցիկներ տեղադրելու և շուրջօրյա տեսահսկում սահմանելու մասին որոշում կայացներ:

Նշենք, որ առանց բարձր պատվանդանների, իրական մարդու չափով ստեղծված արձանները երևանյան առօրյայի մասն են դարձել անցյալ դարի կեսերից: Հայկական-մայրաքաղաքային կոլորիտն իրենց գույնով հարստացնող Կարա-Բալայի, «Տղամարդկանց», Գևորգ Էմինի, «Նարդի խաղացող»-ի շարքերը շուրջ մեկ շաբաթ առաջ են համալրվել երկու նոր կերպարով. քաղաքի կենտրոնում փողոցի նստարաններից մեկին մտածկոտ «նստել» է Եղիշե Չարենցը, քիչ հեռու էլ` Ֆրունզիկը` «01-99» ֆիլմի անմոռանալի հերոսի կերպարով: