Գիշերը երկու քաղաքացի կրակոցներ են արձակել Արցախի նախագահականի ուղղությամբ, տուժածներ չկան

Գիշերը անսթափ վիճակում գտնվող երկու քաղաքացի կրակոցներ են արձակել Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ, տուժածներ չկան։ Այդ մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։

«Օգոստոսի 28-ին ժամը 03:05-ին հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտի Փետրվարի 20 փողոցում՝ Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը, տաք հետքերով ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացու՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ.Հ.-ին (ծնված 1983թ.) և Ա. Ա.-ին (ծնված 1981թ.): Ոստիկանները պարզել են, որ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ՝ վերջիններս ներկայացել են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել»,- ասված է հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ Արցախի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տարածվել էր Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ կրակոցների տեսանյութը, որը ներկայացնում ենք ստորև․

Մեկնաբանել