Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001-ին: Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, նա մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:
«Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ»,- ասված է հաղորդագրությունում։
Հուլիսի 29-ին Ադրբեջանը առևանգել էր Արցախի մեկ այլ քաղաքացու՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից մեկնում էր Հայաստան։ Նրան ԿԽՄԿ-ի ներկայացուցչի ուղեկցությամբ տարել են հարցաքննելու, իսկ որոշ ժամանակ անց ԿԽՄԿ-ի ներկայացուցչին վերադարձրել են, իսկ Վագիֆ Խաչատրյանին տեղափոխել էին Բաքու։ Բաքվում նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։