Ագրեսորին խաղաղեցնելու հայկական փորձեր

Բարձր դասարանի դպրոցականները լավ գիտեն «ագրեսորին խաղաղեցնելու քաղաքականության» և դրա տրամաբանությամբ կնքված «Մյունխենի գործարքի մասին»: Այս քաղաքականության իմաստն այն էր, որ ագրեսիվ կեցվածք ունեցող երկրին լավագույն դեպքում քննադատում էին՝ թույլ տալով իրականում գործի դնել իր հարձակողական պլանները: Ագրեսորին գնալով զիջումների փոքր երկրիների հաշվին՝ նպատակ կար զսպել կամ խաղաղեցնել նրան: Նման քաղաքականություն վարում էին Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունները նախորդ դարի երեսունականների վերջերին, ինչի հետևանքը եղավ Գերմանիայի հզորացումը, ֆաշիստական ռեժիմի կողմից սեփական հզոր ռազմարդյունաբերության ստեղծումը, հակամարդկային, այլատյաց գաղափարների տարածումը և ի վերջո ագրեսիվ կեցվածքը, որը պատճառեց տասնյակ միլիոնավոր զոհեր և հսկայածավալ ավերածություններ:

Մյունխենյան գործարքը Ֆրանսիայի և Բրիտանիայի կողմից փաստացի համաձայնություն էր Ավստրիայի և Չեխոսլովակիայի հարցերում զիջումների գնալ նացիստական Գերմանիային և Իտալիային: Մի քանի տարի վարվող «խաղաղեցման քաղաքականությունն» ի վերջո իր պրակտիկ արտացոլումը գտավ 1938թ. կնքված Մյունխենի պայմանագրում:

Մեր օրերում իր ագրեսիվ պահվածքով աչքի է ընկնում Ադրբեջանը, որը լայնորեն տարածում է այլատյացություն, մասնավորապես՝ հայատյացություն, խրախուսում սրա դրսևորումները պետական մակարդակով, անընդհատ և ամենաբարձր մակարդակով սպառնում է պատերազմով, լայնորեն զինվում է և ստեղծում սեփական ռազմական արդյունաբերությունը:

Այս նոր ֆաշիստական պետության նկատմամբ նույնպես վարվում է խաղաղեցման քաղաքականություն. տարբեր երկրներ և կառույցներ լավագույն դեպքում իրենց անհանգստությունը հայտնում են ոչինչ չասող հայտարարություններով: Ինչքան էլ զարմանալի է, ՀՀ իշխանությունները ևս նույն կերպ են մոտենում ագրեսիվ պահվածքով աչքի ընկնող թշնամուն: Նույնիսկ հայատյացության բացահայտ պոռթկումների ժամանակ հայաստանյան իշխանությունները հայտարարություններից այն կողմ չեն գնում՝ իրենց վարքը պատճառաբանելով խաղաղությունը պահպանելու ցանկությամբ, մոտավորապես այնպես, ինչպես Մյունխենյան պայմանագիրը ստորագրած Բրիտանիայի և Ֆրանսիայի վարչապետներ Չեմբեռլենը և Դալադյեն:

Նման խաղաղասիրությունը, ինչպես ցույց է տալիս պատմությունը, բերում է աննախադեպ պատերազմների՝ համապատասխան հետևանքներով: Առողջ բանականությունը հուշում է, որ ագրեսորին զիջելն ավելացնում է նրա մեջ վստահությունն ու մղում նոր գործողությունների: Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը զսպելու հիմնական եղանակը ակտիվ գործողություններ իրականացնելն է, որը պետք է մեկնարկի Արցախի միջազգային ճանաչման գործընթաց սկսելուց մինչև թշնամի երկրի մեջ գոյություն ունեցող տարբեր ազգային փոքրամասնություններին աջակցելը, Ադրբեջանի դեմ լայնածավալ տեղեկատվական-հոգեբանական պատերազմը: Ագրեսորին խաղաղեցնել պետք չէ, ագրեսորին պետք է պատժել, ընդհուպ՝ ոչնչացնել:

Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվի՛ր պատերազմի: Այս իմաստուն խոսքը մարդկության դարավոր պատմության խտացումն է: Միայն պատերազմներին պատրաստ հասարակությունները կարող են նվաճել խաղաղ ապրելու իրավունքը: Խաղաղության մասին խոսելով՝ հաճախ ոչ թե նպաստում ես խաղաղությանը, այլև քո թուլության ազդակներն ես հաղորդում թշնամուն: Խաղաղության պատրաստվող հասարակություններն ավելի ծանր պայմաններում են մտնում պատերազմի մեջ: Հարցրե՛ք ֆրանսիացիներին և բրիտանացիներին…

Մեկնաբանել