Կրկին հարկային բեռի հաշվին

Նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է ֌1,032 տրլն մակարդակում կամ այս տարվա ծրագրված ցուցանիշից ֌120,4 մլրդ-ով (13,3%-ով) ավելի, ծախսերը ծրագրվել են ֌1,152 տրլն մակարդակում, ինչն այս տարվա համեմատ ավելի է ֌108,5 մլրդ-ով կամ 10,3%-ով։ Պետբյուջեի դեֆիցիտը ծրագրվել է ՀՆԱ-ի 2,64%-ի չափով՝ կազմելով ֌119,8 մլրդ (այս տարվա ֌132,5 մլրդ-ի դիմաց)։ Կառավարությունը ծրագրում է դեֆիցիտի 45,8%-ը (շուրջ ֌54,9 մլրդ) ֆինանսավորել ներքին աղբյուրների հաշվին։

Գալիք տարվա բյուջեի նախագծով հարկային եկամուտները և պետական տուրքերը ծրագրվել են ֌994,2 մլրդ-ի չափով, ինչը 2012թ. համեմատ ավելի է ֌112 մլրդ-ով: Հարկային եկամուտների և պետական տուրքերի 2013թ. ծրագրային մակարդակը կկազմի ՀՆԱ-ի 21,91%-ը (2012թ. ծրագրվել է 20,73%):

Լրացուցիչ ֌112 մլրդ հարկային եկամուտների 28,9%-ը (֌32,3 մլրդ-ը) կառավարությունը նախատեսում է հավաքագրել 2013թ. հունվարի 1-ից զինծառայողներին, նրանց հավասարեցված անձանց և փրկարարական ծառայության ծառայողներին եկամտային հարկի դաշտում ներառելու ճանապարհով: Հարկային վարչարարության արդյունքում նախատեսվում է հավաքագրել ևս ֌32,1 մլրդ կամ լրացուցիչ գումարների 28,6%-ը։

Ստացվում է, որ տնտեսական աճի և գնաճի հաշվին բյուջեի լրացուցիչ հարկային եկամուտները կկազմեն ֌47,6 մլրդ։ Նման փոքր ցուցանիշը բավական ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ գալիք տարի կառավարությունը ծրագրում է ապահովել 6,2% տնտեսական աճ։ Եթե հաշվի առնենք կառավարության ծրագրած հարկեր/ՀՆԱ ցուցանիշը, անվանական ՀՆԱ-ի աճի ծավալը, ապա հարկային հավաքագրումը իրականում պետք է կազմեր մոտ ֌70 մլրդ, ինչը կառավարության ծրագրած ցուցանիշից ավելի է ֌22,4 մլրդ-ով։

Համաձայն բյուջեի նախագծի՝ 2013թ. ՀՆԱ-ի 6,2% աճին հիմնականում կնպաստի ծառայությունների 3,7% և արդյունաբերության 9,2% աճը։ Կառավարությունը աճ է կանխատեսել նաև տնտեսության մյուս ճյուղերում. գյուղատնտեսությունում՝ 4,5%, շինարարությունում՝ 3,5%։

Ստացվում է, որ միայն տնտեսական աճի արդյունքում ունենալով ֌22,4 մլրդ-ի հարկային եկամուտների հավաքագրման հնարավորություն՝ կառավարությունը կրկին դիմում է հարկային բեռի ավելացման՝ այս անգամ զինվորական ծառայողների հաշվին։

Եկամտային հարկի գծով մուտքերը կնվազեն
Ուշագրավ է նաև այն, որ եկամտային հարկի գծով (միավորվել են պարտադիր սոցվճարներն ու եկամտահարկը) 2013թ. բյուջետային մուտքերը, ըստ կառավարության հաշվարկների, կկազմեն ֌226,5 մլրդ, այն դեպքում, երբ այս տարի գործադիրը ծրագրել է պարտադիր սոցվճարների և եկամտահարկի գծով հավաքագրել ֌233,3 մլրդ։

Չնայած ըստ բյուջեի նախագծի՝ 2013թ. գործազրկության մակարդակը նվազելու է 0,1-տոկոսային կետով (մինչև 18,2%), ֌2,5 հազ-ով բարձրանալու է նվազագույն աշխատավարձի շեմը, զինծառայողները բերվելու են եկամտային հարկի դաշտ՝ ապահովելով ֌32,3 մլրդ լրացուցիչ մուտքեր, այս տարվա համեմատ եկամտային հարկի հավաքագրումը նվազելու է ֌6,8 մլրդ-ով։

«Եկամտային հարկի» մասին օրենքով ամրագրված է, որ եկամտային հարկի չափը չպետք է պակաս լինի այն ծավալից, որը ներկայում վճարվում է, և կառավարությունը վստահեցրել է, որ այդ ուղղությամբ լուրջ վերահսկողություն է իրականացվելու։ Հաշվարկները ցույց են տալիս, որ ֌100 հազ. աշխատավարձի հաշվով հարկային բեռը ֌775-ով ավելանալու դեպքում պետբյուջե տարվա կտրվածքով կապահովվի մոտ ֌10 մլրդ-ի հավելյալ եկամուտ։

Ստացվում է, որ միայն օրենսդրական փոփոխությունների արդյունքում եկամտային հարկի գծով մուտքերը պետք է աճեին մոտավոր հաշվարկներով ֌42 մլրդ-ով, այնինչ դրանք նվազում են ֌6,8 մլրդ-ով։

Ռիսկերը մեղմել պարտքով
Թեև կառավարությունը գալիք տարվա համար կանխատեսել է 6,2% տնտեսական աճ, բյուջեի նախագծի ուղերձում նշել է, որ համաշխարհային տնտեսական աճի նվազման ուղղությամբ ռիսկերը շարունակում են գերակշռել և կարող են ուղղակի և անուղղակի ազդեցության ճանապարհներով փոխանցվել Հայաստանի տնտեսություն։ Ընդ որում՝ անուղղակի ճանապարհներով հնարավոր ազդեցությունները կլինեն համեմատաբար ավելի մեծ։ Համաձայն պետբյուջեի նախագծի ուղերձի՝ Եվրամիության ճգնաժամը դոմինոյի էֆեկտով կարող է տարածվել հատկապես ԵՄ-ի հետ երկկողմանի առևտրային խոշոր շրջանառություն ունեցող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի վրա, որտեղից գալիս են հիմնական կապիտալը և տրանսֆերտային հոսքերը Հայաստան։ Այս ճանապարհով Հայաստանի տնտեսության վրա ազդեցությունը կարող է համեմատաբար ավելի նշանակալի լինել։

Չնայած կանխատեսված աճի՝ կառավարությունն ապահովագրել է իրեն և նշել, որ արտաքին հատվածի ռիսկերը կարող են շեղումներ մտցնել բյուջեի բազային սցենարի հիմքում ընկած կանխատեսումներում, ինչն էլ կարող է անդրադառնալ բյուջեի հոսքերի վրա։
Ֆինանսների նախարարությունը հաշվարկել է, որ կանխատեսումների և ենթադրությունների ընդհանուր ռիսկը բյուջեի վրա կարող է կազմել ֌74 մլրդ կամ ՀՆԱ-ի 1,6%-ը։ Ռիսկերի դրսևորման արդյունքում բազային սցենարի համեմատ լրացուցիչ ֆինանսավորման պահանջը, ըստ կառավարության, կարող է ծածկվել ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից վարկային միջոցներ ներգրավելով (Հայաստանի քվոտան հիմնադրամում կազմում է $1,106 մլրդ)։ $70 մլն կարող է ներգրավվել Համաշխարհային բանկից, կարող են տեղաբաշխել լրացուցիչ պետական արժեթղթեր։ Ռիսկերի դրսևորման պարագայում պակասուրդի մեծացումը հնարավորինս զսպելու նպատակով կառավարությունը չի բացառել նաև ծախսերի գծով տնտեսումները (ըստ ֆիննախի՝ 2013թ. համար նախատեսված ծախսերի 5%-ը կամ ֌56 մլրդ-ը կարելի է կրճատել)։

Ֆիննախը հաշվարկել է, որ ռիսկերի դրսևորման հետևանքով մինչև ֌200 մլրդ կամ ՀՆԱ-ի 4,4%-ի չափով լրացուցիչ միջոցների ներգրավման պայմաններում չի գերազանցվի պետական պարտքի և նախորդ տարվա ՀՆԱ-ի միջև օրենքով սահմանված առավելագույն 50% հարաբերակցությունը։ «Հետևաբար՝ ՀՆԱ-ի 1,6%-ը չափով լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավումը լիովին համապատասխանում է օրենքով սահմանված բյուջետային կանոններին»,– գրված է բյուջեի նախագծի ուղերձում։

Արմենակ Չատինյան