Նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1,032 տրլն մակարդակում կամ այս տարվա ծրագրված ցուցանիշից 120,4 մլրդ-ով (13,3%-ով) ավելի, ծախսերը ծրագրվել են 1,152 տրլն մակարդակում, ինչն այս տարվա համեմատ ավելի է 108,5 մլրդ-ով կամ 10,3%-ով։ Պետբյուջեի դեֆիցիտը ծրագրվել է ՀՆԱ-ի 2,64%-ի չափով՝ կազմելով 119,8 մլրդ (այս տարվա 132,5 մլրդ-ի դիմաց)։ Կառավարությունը ծրագրում է դեֆիցիտի 45,8%-ը (շուրջ 54,9 մլրդ) ֆինանսավորել ներքին աղբյուրների հաշվին։
Գալիք տարվա բյուջեի նախագծով հարկային եկամուտները և պետական տուրքերը ծրագրվել են 994,2 մլրդ-ի չափով, ինչը 2012թ. համեմատ ավելի է 112 մլրդ-ով: Հարկային եկամուտների և պետական տուրքերի 2013թ. ծրագրային մակարդակը կկազմի ՀՆԱ-ի 21,91%-ը (2012թ. ծրագրվել է 20,73%):
Լրացուցիչ 112 մլրդ հարկային եկամուտների 28,9%-ը (32,3 մլրդ-ը) կառավարությունը նախատեսում է հավաքագրել 2013թ. հունվարի 1-ից զինծառայողներին, նրանց հավասարեցված անձանց և փրկարարական ծառայության ծառայողներին եկամտային հարկի դաշտում ներառելու ճանապարհով: Հարկային վարչարարության արդյունքում նախատեսվում է հավաքագրել ևս 32,1 մլրդ կամ լրացուցիչ գումարների 28,6%-ը։
Ստացվում է, որ տնտեսական աճի և գնաճի հաշվին բյուջեի լրացուցիչ հարկային եկամուտները կկազմեն 47,6 մլրդ։ Նման փոքր ցուցանիշը բավական ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ գալիք տարի կառավարությունը ծրագրում է ապահովել 6,2% տնտեսական աճ։ Եթե հաշվի առնենք կառավարության ծրագրած հարկեր/ՀՆԱ ցուցանիշը, անվանական ՀՆԱ-ի աճի ծավալը, ապա հարկային հավաքագրումը իրականում պետք է կազմեր մոտ 70 մլրդ, ինչը կառավարության ծրագրած ցուցանիշից ավելի է 22,4 մլրդ-ով։
Համաձայն բյուջեի նախագծի՝ 2013թ. ՀՆԱ-ի 6,2% աճին հիմնականում կնպաստի ծառայությունների 3,7% և արդյունաբերության 9,2% աճը։ Կառավարությունը աճ է կանխատեսել նաև տնտեսության մյուս ճյուղերում. գյուղատնտեսությունում՝ 4,5%, շինարարությունում՝ 3,5%։
Ստացվում է, որ միայն տնտեսական աճի արդյունքում ունենալով 22,4 մլրդ-ի հարկային եկամուտների հավաքագրման հնարավորություն՝ կառավարությունը կրկին դիմում է հարկային բեռի ավելացման՝ այս անգամ զինվորական ծառայողների հաշվին։
Եկամտային հարկի գծով մուտքերը կնվազեն
Ուշագրավ է նաև այն, որ եկամտային հարկի գծով (միավորվել են պարտադիր սոցվճարներն ու եկամտահարկը) 2013թ. բյուջետային մուտքերը, ըստ կառավարության հաշվարկների, կկազմեն 226,5 մլրդ, այն դեպքում, երբ այս տարի գործադիրը ծրագրել է պարտադիր սոցվճարների և եկամտահարկի գծով հավաքագրել 233,3 մլրդ։
Չնայած ըստ բյուջեի նախագծի՝ 2013թ. գործազրկության մակարդակը նվազելու է 0,1-տոկոսային կետով (մինչև 18,2%), 2,5 հազ-ով բարձրանալու է նվազագույն աշխատավարձի շեմը, զինծառայողները բերվելու են եկամտային հարկի դաշտ՝ ապահովելով 32,3 մլրդ լրացուցիչ մուտքեր, այս տարվա համեմատ եկամտային հարկի հավաքագրումը նվազելու է 6,8 մլրդ-ով։
«Եկամտային հարկի» մասին օրենքով ամրագրված է, որ եկամտային հարկի չափը չպետք է պակաս լինի այն ծավալից, որը ներկայում վճարվում է, և կառավարությունը վստահեցրել է, որ այդ ուղղությամբ լուրջ վերահսկողություն է իրականացվելու։ Հաշվարկները ցույց են տալիս, որ 100 հազ. աշխատավարձի հաշվով հարկային բեռը 775-ով ավելանալու դեպքում պետբյուջե տարվա կտրվածքով կապահովվի մոտ 10 մլրդ-ի հավելյալ եկամուտ։
Ստացվում է, որ միայն օրենսդրական փոփոխությունների արդյունքում եկամտային հարկի գծով մուտքերը պետք է աճեին մոտավոր հաշվարկներով 42 մլրդ-ով, այնինչ դրանք նվազում են 6,8 մլրդ-ով։
Ռիսկերը մեղմել պարտքով
Թեև կառավարությունը գալիք տարվա համար կանխատեսել է 6,2% տնտեսական աճ, բյուջեի նախագծի ուղերձում նշել է, որ համաշխարհային տնտեսական աճի նվազման ուղղությամբ ռիսկերը շարունակում են գերակշռել և կարող են ուղղակի և անուղղակի ազդեցության ճանապարհներով փոխանցվել Հայաստանի տնտեսություն։ Ընդ որում՝ անուղղակի ճանապարհներով հնարավոր ազդեցությունները կլինեն համեմատաբար ավելի մեծ։ Համաձայն պետբյուջեի նախագծի ուղերձի՝ Եվրամիության ճգնաժամը դոմինոյի էֆեկտով կարող է տարածվել հատկապես ԵՄ-ի հետ երկկողմանի առևտրային խոշոր շրջանառություն ունեցող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի վրա, որտեղից գալիս են հիմնական կապիտալը և տրանսֆերտային հոսքերը Հայաստան։ Այս ճանապարհով Հայաստանի տնտեսության վրա ազդեցությունը կարող է համեմատաբար ավելի նշանակալի լինել։
Չնայած կանխատեսված աճի՝ կառավարությունն ապահովագրել է իրեն և նշել, որ արտաքին հատվածի ռիսկերը կարող են շեղումներ մտցնել բյուջեի բազային սցենարի հիմքում ընկած կանխատեսումներում, ինչն էլ կարող է անդրադառնալ բյուջեի հոսքերի վրա։
Ֆինանսների նախարարությունը հաշվարկել է, որ կանխատեսումների և ենթադրությունների ընդհանուր ռիսկը բյուջեի վրա կարող է կազմել 74 մլրդ կամ ՀՆԱ-ի 1,6%-ը։ Ռիսկերի դրսևորման արդյունքում բազային սցենարի համեմատ լրացուցիչ ֆինանսավորման պահանջը, ըստ կառավարության, կարող է ծածկվել ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից վարկային միջոցներ ներգրավելով (Հայաստանի քվոտան հիմնադրամում կազմում է $1,106 մլրդ)։ $70 մլն կարող է ներգրավվել Համաշխարհային բանկից, կարող են տեղաբաշխել լրացուցիչ պետական արժեթղթեր։ Ռիսկերի դրսևորման պարագայում պակասուրդի մեծացումը հնարավորինս զսպելու նպատակով կառավարությունը չի բացառել նաև ծախսերի գծով տնտեսումները (ըստ ֆիննախի՝ 2013թ. համար նախատեսված ծախսերի 5%-ը կամ 56 մլրդ-ը կարելի է կրճատել)։
Ֆիննախը հաշվարկել է, որ ռիսկերի դրսևորման հետևանքով մինչև 200 մլրդ կամ ՀՆԱ-ի 4,4%-ի չափով լրացուցիչ միջոցների ներգրավման պայմաններում չի գերազանցվի պետական պարտքի և նախորդ տարվա ՀՆԱ-ի միջև օրենքով սահմանված առավելագույն 50% հարաբերակցությունը։ «Հետևաբար՝ ՀՆԱ-ի 1,6%-ը չափով լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավումը լիովին համապատասխանում է օրենքով սահմանված բյուջետային կանոններին»,– գրված է բյուջեի նախագծի ուղերձում։
Արմենակ Չատինյան