Բեկել հարկային վարչարարությունը

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 5-ից 18-ը Երևանում «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի 5-րդ հերթական ամփոփիչ ստուգումը իրականացնելուց ինն օր անց տարածել է հաղորդագրություն։ «Գործարար միջավայրի առողջացման բեկում կլինի, եթե բոլոր տնտեսավարողների համար ապահովվեն հավասար պայմաններ, այդ թվում՝ առանցքային՝ հարկային վարչարարության բնագավառում»,– նշված է ԱՄՀ հաղորդագրությունում։

ԱՄՀ պաշտոնական կայքէջում երեկ տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի մակրոտնտեսական վիճակն անցած տարվա ընթացքում շարունակել է բարելավվել։ Գյուղատնտեսության ոլորտում բարձր բերքատվության, հանքարդյունաբերության և ծառայությունների ոլորտների դինամիկ զարգացման պայմաններում Հայաստանում տնտեսական աճն այս տարի կարող է կազմել 6,2%։

2013թ. աճը կարող է լինել չափավոր՝ մինչև 4,3%՝ հաշվի առնելով տնտեսական վիճակը Եվրոպայում և Ռուսաստանում։ Ըստ ԱՄՀ-ի՝ Հայաստանում գնաճը շարունակում է մեղմ մնալ, կանխատեսվում է, որ այն կլինի թիրախային 4±1,5% ցուցանիշի շրջանակում թե՛ այս տարի, թե՛ 2013թ.։

Կառավարությունը 2013թ. բյուջեի նախագծի ուղերձում այս տարվա համար նշել է 7,1% տնտեսական աճ ցուցանիշը։ Հաջորդ տարվա բյուջեի հիմքում դրվել է 6,2% տնտեսական աճը։

Ըստ ԱՄՀ-ի՝ ծրագրի կատարողականն ընդհանուր առմամբ դրական է։ Հարկաբյուջետային ցուցանիշները շարունակում են բարելավել, բյուջեի դեֆիցիտն այս տարի կկրճատվի մինչև ՀՆԱ-ի 2% (2012թ. բյուջեի հիմքում դրված է պակասուրդի 3,1% ցուցանիշը), 2013թ. դեֆիցիտի աճը կլինի չափավոր՝ մինչև 2,6%։

«Համակարգային բարեփոխումների ընթացքը ցանկալիից դանդաղ է։ Գործարար միջավայրի առողջացման բեկում կլինի, եթե բոլոր տնտեսավարողների համար ապահովվեն հավասար պայմաններ, այդ թվում՝ առանցքային՝ հարկային վարչարարության բնագավառում»,– նշված է ԱՄՀ հաղորդագրությունում։

ԱՄՀ առաքելությունը սպասում է «կարգավորիչ գիլյոտին» ծրագրի իրականացմանը, որն ուղղված է օրենսդրական դաշտի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործողությունների կանոնակարգմանը, պաշտոնական վարչարարության ու անարդյունավետ ծախսերի կրճատմանը։ «Առաքելությունը Հայաստանի իշխանությունների հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել 2012-2013 թթ. իրականացվող քաղաքականության շրջանակի հարցում»,– նշված է հաղորդագրությունում։

ԱՄՀ տնօրենների խորհուրդը նախատեսում է 5-րդ հերթական ամփոփիչ ստուգման արդյունքները քննարկել դեկտեմբերի սկզբին և հաստատման դեպքում Հայաստանին հատկացնել $52 մլն-ի հերթական տրանշը՝ երկու ծրագրերով ընդհանուր հատկացումների ծավալը հասցնելով $327 մլն-ի։

Հայաստանի իշխանությունները պատվիրակության հետ քննարկել են 2013թ. երկրորդ կեսից նոր եռամյա ծրագիր սկսելու հնարավորությունը։ «Իշխանությունները նշել են, որ նոր ծրագիրը կապահովի արտաքին և բյուջետային ճշգրտումների քաղաքականության իրականացումը, համակարգային բարեփոխումների շարունակականությունը»,– նշված է հաղորդագրությունում։ Նոր ծրագրի քննարկումը ԱՄՀ տնօրենների խորհուրդը կսկսի 2005-ից իրականացված ծրագրերի ընդհանուր գնահատումից հետո։

2010թ. հունիսի վերջին ԱՄՀ տնօրենների խորհրդի կողմից հաստատված «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) և «Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերի շրջանակում Հայաստանը մինչև 2013թ. ԱՄՀ-ից պետք է ստանա ընդհանուր առմամբ $403,8 մլն-ի (266,8 մլն SDR-ի) վարկային միջոցներ։ Այդ գումարից Հայաստանն արդեն ստացել է $269,8 մլն-ը։ Ծրագրերի շրջանակում Հայաստանի իշխանությունները պարտավորվել են իրականացնել վարչարարության բարեփոխումների ընդգրկուն ծրագիր՝ ուղղված հարկաբյուջետային ճշգրտմանն օժանդակելուն, միջնաժամկետ հեռանկարում հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, պետական ներդրումների ավելացմանը, հարկային ռեժիմի, կանոնակարգերի, հաշվետվական պահանջների պարզեցմանը և մրցակցության ավելացմանը: