Ադրբեջանը ձերբակալված հայ երիտասարդներին ազատ կարձակի

Azerbaijani checkpoint on Nagorno-Karabakh's Lachin Corridor (PHOTO: CivilNet)

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ այսօր «Լաչինի սահմանային կետում ձերբակալված հայ ֆուտբոլիստների» նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Այսօր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հակարիի անօրինական անցակետով անցնելիս Արցախի երեք բնակիչ՝ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը, Լևոն Գրիգորյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ հաղորդվեց, որ Ադրբեջանը նրանց մեղադրում է իր դրոշը անարգելու մեջ։

Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «հայ ֆուտբոլիստների կողմից Ադրբեջանի Հանրապետության դրոշի նկատմամբ վիրավորական գործողություններ կատարելու փաստի առնչությամբ» […] հարուցվել է քրեական գործ։

«Նախաքննության մեջ ներգրավված անձինք՝ պաշտպանական իրավունքներով երաշխավորված, հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց արարքը և նշել, որ անկեղծորեն զղջում են և ասել, որ հետագայում նման գործողություններ չեն անի։ Հաշվի է առնվել մեղադրյալների տարիքը, կատարած արարքն անկեղծորեն ընդունելու նրանց զղջումը, և քրեական դատավարության օրենսդրության պահանջներով և մարդասիրական սկզբունքի կիրառմամբ՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»,- նշված է Ադրբեջանի դատախազության հաղորդագրությունում։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը երեք երիտասարդների նկատմամբ նշանակել է տասը օրով վարչական կալանք։

«Վարչական ազատազրկման պատիժը կատարելուց հետո կապահովվի նշված անձանց Ադրբեջանի Հանրապետության սահմաններից հեռացնելը»,- նշվում է հաղորդագրությունում։

***

Հուլիսի 29-ին Ադրբեջանը առևանգել էր Արցախի մեկ այլ քաղաքացու՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից մեկնում էր Հայաստան։ Նրան ԿԽՄԿ-ի ներկայացուցչի ուղեկցությամբ տարել են հարցաքննելու, իսկ որոշ ժամանակ անց ԿԽՄԿ-ի ներկայացուցչին վերադարձրել են, իսկ Վագիֆ Խաչատրյանին տեղափոխել էին Բաքու։ Բաքվում նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։

Մեկնաբանել