Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում են վարչապետի գրասենյակից։
Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանն ու Մակրոնն անդրադարձել են տարածաշրջանում առկա իրադրությանը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի օրեցօր խորացումը, ինչպես նաև շեշտել դրա հաղթահարմանն ու լուծմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերի կարևորությունը»,- նշված է հաղորդագրությունում։
Երեկ՝ օգոստոսի 28-ին,Փարիզում կայացած դեսպանների հավաքի ժամանակ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն առաջիկա օրերին քննարկելու է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ․ «Մենք պահանջելու ենք լիարժեքորեն պահպանել Լաչինի մարդասիրական միջանցքի կենսագործունեության պայմանները։ Այս ուղղությամբ մենք միջազգային մակարդակով կրկին հանդես կգանք դիվանագիտական նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը»,- ասել էր Մակրոնը։