Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետում երեք երիտասարդների առևանգմանն ականատես են եղել տասնյակ ուսանողներ։ Նրանցից մեկը ՍիվիլՆեթին պատմել է դեպքի մանրամասները։ Երիտասարդի անվտանգությունից ելնելով՝ նրա անձնական տվյալները չենք բացահայտում։
Մեր զրուցակիցը փոխանցեց, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ իրենց տեղափոխել են Հակարիի կամրջի մոտ։ Անցակետ չհասած՝ մարդկանց բաժանել են խմբերի։ Սկզբում 15 հոգանոց խմբով գնացել են ընտանիքներ, հիմնականում՝ ՌԴ քաղաքացիներ։ Այդ ընթացքում նրանց հետ եղել նաև ադրբեջանցի լրագրողներ, որոնք պարբերաբար տեսագրում էին։
Երիտասարդների առաջին խմբում եղել է նաև Ալեն Սարգսյանը, որին ադրբեջանցիներն առաջինն են ձերբակալել։ Երրորդ խմբի հետ անցակետին է մոտեցել մեր զրուցակիցը։
«Երբ իջանք այնտեղ, Ալենն արդեն կանգնած էր։ Մեր ու նրանց խմբից մարդիկ էին գնում, իսկ այդ տղան դեռ կանգնած էր։ Հասկացանք, որ ինչ-որ մի բան այն չէ։ Նա այդ տեսախցիկի առջև կանգնած էր, անձնագիրն էլ ադրբեջանցի ստուգողի մոտ էր»։
Մեր զրուցակիցն ասում է, որ քսան րոպե կանգնելուց հետո՝ Ալենին ասել են, որ չխանգարելու համար գնա շարքի վերջ, ինչին նա համաձայնել է։ Այդ ընթացքում նրա անձնագիրը փոխանցել են բարձրաստիճան մի ադրբեջանցի սահմանապահի, որն էլ սկսել է զանգեր կատարել ու հարցեր տալ Ալենին։
«Մոտ տասը րոպե անց երիտասարդին ասացին՝ արի, իջնենք ու խոսենք։ Նա առարկեց, որից հետո նրան ցանկանում էին ուժով տանել: Այդ տղան հետո հասկացավ՝ ինչ է կատարվում։ Որոշեց փախչել դեպի ռուսները։ Վազեց, ադրբեջանցիներն էլ նրա հետևից։ Ընկավ, հետո նորից կարողացավ փախչել։ Բռնեցին, որից հետո կրկին փախավ, ու ատրճանակի կոթով հարվածեցին գլխին, ուշագնաց եղավ։ Դրանից հետո այդ տարածքի ադրբեջանցիները մեզ ու այդ երիտասարդին շրջափակեցին»,- պատմում է ուսանողը։
Ադրբեջանցիները սկսում են խմբի անդամներին հանգստացնել՝ բացատրելով, որ երիտասարդը հետախուզման մեջ էր։ Ավելին, մեր զրուցակցի խոսքով, նրանք հնարավորինս բարեհամբույր էին իրենց հանդեպ այդ պահին։
Այն երիտասարդներին, որոնք Ստեփանակերտի գրանցում ունեն, անձնագրերը ստուգող ադրբեջանցիները նախ հարցրել են, թե որտեղ են գրանցված։ Լսելով Ստեփանակերտ՝ «շտկում էին»՝ Խանքենդի։
Բացի Ալենից՝ ադրբեջանցիները ժամանակավոր արգելանքի տակ են պահել ևս հինգ երիտասարդի՝ հարցաքննության։ Նրանցից երեքը վերադարձել է։ Մեր զրուցակիցը պատմում է, որ երբ դուրս եկան անցակետից Հայաստանի տարածքում, մի քանի ժամ սպասում էին մյուսներին։ Վերադարձած երիտասարդները պատմել են, որ նրանցից մեկի պարագայում ծննդյան վկայականի հետ է խնդիր եղել, մյուսի դեպքում էլ անձնագրի լուսանկարն է տարբեր եղել և այլն։
Երիտասարդներից մի քանիսին բանավոր հորդորել են այլևս չվերադառնալ Արցախ, հակառակ դեպքում սպառնացել կալանավորել։
Բացի Ալեն Սարգսյանից, ադրբեջանական կողմը արգելանքի տակ է վերցրել նաև Լևոն Գրիգորյանին ու Վահե Հովսեփյանին։ Նրանք երեքն էլ Մարտունու «Ավո» ֆուտբոլային ակումբի խաղացողներ են եղել։ Ադրբեջանական կողմի տվյալներով՝ ֆուտբոլային ակումբի անդամները 2021-ին անարգել են ադրբեջանական դրոշը՝ տեսանյութը հրապարակելով համացանցում։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ նույնականացնելով երիտասարդներին։ Ձերբակալված երիտասարդների նկատմամբ, սակայն, քրեական հետապնդումը դադարեցվել է, նշանակվել է տասը օրով վարչական կալանք։
Մեր զրուցակիցը նաև ասում է, որ Արցախում իրավիճակն օր օրի վատթարանում է։ Նրա խոսքով՝ Հայաստանում լիարժեք չեն պատկերացնում խնդիրը։
«Իսկապես, այնտեղ ցանկցած խանութ մտնելիս միայն դատարկ դարակներ ես տեսնում ու վերջ։ Մարդիկ անգամ խանութ չեն այցելում։ Մինչև այս գոնե ձմերուկ էին վաճառում, հիմա դա էլ չկա։ Մի քանի հատ խմիչք է մնացել։ Փողոցներում մեկ-մեկ առևտուր է լինում, եթե կարողանում են բենզին գտնել ու գյուղերից բերք բերել։ Մարդիկ հիմնականում մինչև հուլիսի 15-ն ինչ գնել էին, այդ են օգտագործում՝ մակարոն-ձեթ և այլն»,- ասաց ուսանողը։
Նրա խոսքով՝ հոգեբանական վիճակը ևս վատ է. «Մի ընկեր ունեմ, որն ասում է՝ ժողովուրդն այնքան է հյուծվելու, որ եթե անգամ ասեն՝ Աղդամից սնունդ ենք բերում, ժողովուրդն ի վիճակի չլինի մերժել»։