Հայկ Հովհանինսյան, #CivilNetCheck
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը օգոստոսի 28-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, թե իր բոլոր հայտարարագրած անշարժ գույքերը գնել է մինչև պաշտոնին անցնելը՝ 2018 թվականը։
Լրագրողները Մարությանին հիշեցրել են իր մոնոներկայացման ժամանակ ներկայացրած պատմությունը, թե 2018-ի հոկտեմբերին քաղաքապետ դառնալուց հետո ստիպված է եղել վարձով տալ իր Կենտրոնի բնակարանը և վարձով ապրել այլ տեղ՝ ընտանեկան ծախսերը հոգալու համար։ Լրագրողները հարց են ուղղել, թե ինչու է բողոքում, երբ իր պաշտոնական հայտարարագրում նշել է ավելի քան երկու տասնյակ անշարժ գույք։
«Դա իրականություն է, ես պատմել եմ այն ինչ որ կա։ […] Էստեղ ամենակարևորը, որ այդ բոլոր անշարժ գույքերը ես ձեռք եմ բերել մինչև 2018 թվականին իմ պաշտոնը ստանձնելը, դա ամենակարևորն է»,- ասել է Մարությանը։
Հայտարարագրերը այլ բան են ասում
2022-ի փետրվարին Մարությանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով էր ներկայացրել պաշտոնավորումը դադարեցնելու հայտարարագիր, որում նշել էր 24 անշարժ գույք՝ 21-ը Չեխիայում և 3-ը՝ Երևանում։
Հարկ է նշել, որ խոսքը իրականում Չեխիայում գտնվող 2 առանձնատան, 5 բնակարանի և 5 ավտոկայանատեղիի, իսկ Երևանում՝ 2 բնակարանի և մեկ ավտոկանատեղիի մասին է։ Մնացած 9 անշարժ գույքը դրանց կից հողամասեր և մի քանի քառակուսի մետր ոչ բնակելի տարածքներ են։
Սակայն նախկին քաղաքապետի պնդումը, թե իր հայտարարագրած բոլոր անշարժ գույքերը նա գնել է պաշտոնավորումից առաջ, սխալ է։ Պաշտոնը թողնելու պահին (2021 դեկտեմբեր) հայտարարագրած 24 անշարժ գույքից առնվազն 5-ը Մարությանը ձեռք էր բերել քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ՝ 2018-ի սեպտեմբերից հետո։
Բացի այդ, Մարությանի կնոջ՝ Իվա Մարությանի՝ 2022-ի փետրվարին ներկայացրած հայտարարագրում առկա են 6 անշարժ գույքեր, որոնք գնվել են 2019-ից 2021-ի ընթացքում։
Հայկ Մարությանն ու կինը պաշտոնի դադարեցման հայտարարագրերում ներկայացրել են ընդհանուր մոտ 15 մլն դրամ, 150,4 հազար դոլար, 239,2 հազար եվրո և 6,1 մլն չեխական կրոնա (մոտ 280 հազար դոլար) դրամական միջոց՝ կանխիկ և բանկային հաշվին։ Նույն հայտարարագրով Մարությանը պաշտոնը դադարեցնելու դրությամբ ուներ 2,9 մլն չեխական կրոնա վարկի մնացորդ, իսկ նրա կինը՝ 500 հազար չեխական կրոնա ստացված փոխառություն։ Սա 2022-ի փետրվարի փոխարժեքով միասին կազմում էր մոտ 150 հազար դոլար։
Մարությանի նոր հայտարարագիրը
Կենտրոնական ընտրական հանձնաժողով 2023-ի օգոստոսի 28-ին ներկայացված հայտարարագրից պարզ է դառնում, որ Մարությանը վաճառել է Երևանում գտնվող գույքերը և 2 բնակարան գնել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Նա նաև հայտարարգել է շուրջ 15 մլն դրամ, 250 հազար եվրո, շուրջ 270 հազար դոլար և մոտ 2,2 մլն չեխական կրոնա (մոտ 100 հազար դոլար)։
Պարզաբանում է խոսնակը
Քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հովսեփ Կուբատյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում պարզաբանեց, որ Մարությանը նկատի է ունեցել, որ իր ամբողջ գույքի ծագումը՝ այդ թվում պաշտոնավարման շրջանում ձեռք բերվածի, հիմնավորվում է մինչև այդ նրա ունեցած ֆինանսներով և անշարժ գույքից ստացված եկամտով։
«Էստեղ, կարծում եմ, Հայկ Մարությանի ասածի էությունն այն է, որ այդ գույքի ծագումը վերաբերում է 2018-ից առաջ իր ունեցած գործունեությանը՝ ֆիլմեր, գովազդներ և այլ տեսակի գործունեությունից ստացված եկամուտներ։ Եթե տեխնիկապես 2019-2021-ին ինչ-որ գույք է գնվել, ապա այն գնվել է այն գույքի վաճառքից կամ վարձակալությունից ստացված եկամուտներով, որոնք էլ ձեռք են բերված եղել 2018-ից առաջ»,- նշեց Կուբատյանը։
Երևանի ավագանու գալիք ընտրություններում քաղաքապետի թեկնածուների գույքերի և դրամական միջոցների մասին ավելի մանրամասն՝ Սիվիլնեթի հոդվածում։