Հնգամյակը 13 տարում

2013թ. հունվարի 1-ից գործադիրը նախատեսում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 2,5 հազ-ով՝ այն սահմանելով ֌35 հազ.։ Նման տեմպով շարժվելու դեպքում «նվազագույն աշխատավարձի մակարդակն առնվազն կրկնապատկելու» համար կառավարությանը կպահանջվի 13 տարի։ Ի դեպ՝ ծրագրային այս խոստումը գործադիրը նախատեսել է իրականացնել 5 տարում։

Անցած շաբաթ՝ սեպտեմբերի 20-ին, կառավարությունը մերժեց նվազագույն աշխատավարձը ներկայիս ֌32,5 հազ-ից մինչև 72,5 հազ. բարձրացնելու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը։ Գործադիրի երեկվա նիստի հաստատմանը ֆինանսների նախարարությունն արդեն ներկայացրել էր օրենսդրական փոփոխությունների սեփական փաթեթը։

Կառավարությունն առաջարկում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում կատարել փոփոխություններ՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնել ֌2,5 հազ-ով՝ այն սահմանվելով ֌35 հազ.։

Գործադիրն առաջարկում է նաև բարձրացնել գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը։ Այսպես՝ աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ) դրույքը ներկայիս ֌196-ից կբարձրացվի մինչև ֌210, աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ ներկայիս ֌218-ից մինչև ֌234։ 24-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը ներկայիս ֌326-ից կբարձրացվի մինչև ֌350։

Ֆինանսների նախարարությունում հաշվարկել են, որ նվազագույն աշխատավարձի ֌2,5 հազ-ով բարձրացումը պետբյուջեից ֌941 մլն-ի լրացուցիչ ծախս կպահանջի:

Հաշվի առնելով 2013թ. պետական բյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշները՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցում գործադիրը բավական համեստ է։ Կառավարությունը գալիք տարում ծրագրում է բյուջեի եկամուտների աճ՝ ֌89 մլրդ-ով, և ծախսերի աճ՝ ֌76 մլրդ-ով։ Ընդ որում՝ լրացուցիչ ծախսերում նվազագույն աշխատավարձի մասնաբաժինն ընդամենը 1,2% է։

Նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացման, ինչպես նաև «Եկամտային հարկի մասին» օրենքի կիրարկման արդյունքում 2013թ. կարձանագրվի անվանական աշխատավարձերի էական աճ։ Եկամտային հարկի մասին օրենքը ենթադրում է, որ գործատուն աշխատողի անվանական աշխատավարձը պետք է բարձրացնի ներկայում վճարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարի չափով։ Գումարը, սակայն, ներառվելու է եկամտային հարկում և վճարվելու է պետբյուջե։

Մեկնաբանել